Լա՛վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, մեր ժողովրդի հավատքի ամուր վեմը և տունը՝ Սուրբ Հոգու, որի դեմ հայհոյողը անխուսափելիորեն պիտի պատժվի Աստծուց


Լա՛վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, մեր ժողովրդի հավատքի ամուր վեմը և տունը՝ Սուրբ Հոգու, որի դեմ հայհոյողը անխուսափելիորեն պիտի պատժվի Աստծուց
Հունիս 26 18:07 2025

Տեր Պարույր քահանա Ավետիսյանի հրապարակումը․

 

«Վա՛յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. ԺԸ 7)

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և եկեղեցականության դեմ գրոհի ելած ՀՀ իշխանությունների վարքագիծն այլընտրանք չի թողնում, քան քրիստոնեական արդար վրդովմունքով ու դատապարտումով այն որակել որպես գայթակղության շքահանդես:

 

Իրեն հավատացյալ համարող յուրաքանչյուր անձ քաջ գիտի, որ Եկեղեցին մարդաստեղծ հիմնարկ չէ, որտեղ քնից շուտ արթնացողը կարող է արկածախնդիր մեքենայություններով կարգ ու կանոն փոխել՝ կամա թե ակամա դառնալով գայթակղության, ատելության ու պառակտումի պատճառ. «Եվ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն և միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն» (Մատթ. ԻԴ 10):

 

Արդյոք սա՞ է պակասում ներկա ժամանակներում գոյաբանական լուրջ սպառնալիքների առջև կանգնած մեր երկրին ու ժողովրդին, արդյոք այսպիսի՞ մեթոդներով է կերտվելու մեր ապագան, թե՞ սրանով ընդամենը փորձ է արվում շոյել կամ գոհացնել թշնամուն: Հենց այդպիսի մարդու համար է Հիսուս վայ կարդում և ավելացնում. «Լավ կլիներ, եթե նրա պարանոցից էշի երկանաքար կախվի և ծովը գցվի» (Մատթ. ԺԸ 6):

 

Իր հետևորդներին Փրկիչ մեր Տերը պատգամում է չտրվել գայթակղության, այլ դիմանալ ու տոկալ հավատքով, հույսով ու սիրով:

 

Լա'վ իմացեք՝ Սուրբ Էջմիածինը մեր Եկեղեցու մշտաբաբախ սիրտն է, հավատքի ամուր վեմը մեր ժողովրդի և տունը՝ Սուրբ Հոգու, որի դեմ հայհոյողն աններելի մեղք է գործում և անխուսափելիորեն պիտի պատժվի Աստծուց: Հետևաբար, հակաեկեղեցական շարժման յուրաքանչյուր փորձ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր դատապարտված է ձախողման»: