Մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ. Աննա Հակոբյան


Մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ. Աննա Հակոբյան
Հունիս 23 19:13 2025

«Սա Երեւանում իմ մասնակցությամբ վերջին հանդիպումն է լինելու՝ պայմանավորված ուսանելու մեկնելու հանգամանքով»,-«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 28-ի միջոցառման մասին գրել է Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը։ Միջոցառումը տեղի է ունենալու ժամը 13:00-ին Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում։

 

Իսկ մինչ այդ նա կոչով դիմել է մտավորականներին.

 

«Հատկապես մեր մտավորականներին կոչ եմ անում չխեղճանալ ագրեսիվ տգետների անհեթեթ մեկնաբանությունների առաջ եւ մասնակցել հանդիպմանը։ Այդ թվում՝ ընդդիմադիր մտավորականներին եմ կոչ անում մասնակցել հանդիպմանը։

 

Իրար լսելու հմտությունը հիմնարար հմտություն է, որից մենք կատարելապես զուրկ ենք։

 

Եւ բացի այդ, իսկապես հետաքրքիր ու շատ արժեքավոր է ձեզանից յուրաքանչյուրի տեսակետն ու կարծիքը այն ամենի մասին, որ խոսվում է այս հարթակում։

 

Մինչդեռ ցավով պետք է նշեմ, որ մինչ այժմ ձեր բոլոր կարծիքներն անարժեք են եղել այն պարզ պատճառով, որ մենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ։ Իսկ ինչու եք մեկնաբանում կարկանդակ։ Որովհետեւ ձեզ հարց տվողն էլ չի լսել, որ խոսում ենք ծիրանի մասին եւ, եւ ձեզ հարցնում է՝ ինչ կարծիք ունեք այն կարկանդակի վերաբերյալ։ Ու քանի որ դուք նույնպես չգիտեք, որ խոսքը ծիրանի մասին է, եւ ոչ թե՝ կարկանդակի, սկսում եք վերլուծել կարկանդակը։

 

Համաձայնեք՝ այնքան էլ ուժեղ դիրք չէ մտավորականի համար»։