Իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ Աբրահամյան


Իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ Աբրահամյան
Հունիս 23 18:31 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ քրեակատարողական հիմնարկները խիստ ծանրաբեռնված են, իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել։

 

«Մի քանի օր առաջ անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը փաստաբանների միջոցով գրառում էր արել, որով անդրադարձել էր դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց, դատապարտյալների նկատմամբ մոտեցումներին:

 

Իհարկե կարևոր եմ համարում այն հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:

 

Սակայն մեկ այլ կարևոր խնդիր էլ կա, որ կալանավայրերում և այնտեղ հարազատներ ունեցող մարդկանցից լսում եմ:

 

7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են: Կան հոդվածներ, որոնց նկատմամբ կարելի էր համաներում կիրառել և´ այդ մարդկանց կյանքի բնականոն հուն վերադարձնելու, և´ բանտային ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար:

 

Այս իշխանությունը բանտում հայտնված մարդու համար ապագա այլևս չի տեսնում և նրան հասարակություն վերադարձնելու խնդիրը չի կարևորում` անկախ նրանից, թե մարդն ինչ հանգամանքներում է հայտնվել անազատության մեջ և ինչ ձգտումներ ունի ազատ կյանք վերադառնալու առումով»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։