«Ի՞նչ տեղի ունեցավ։ Եթե ժամանակագրային հետ հայացք ենք նետում, Սամվել Կարապետյանը աջակցություն է հայտնում եկեղեցուն, ժամեր անց մեր երկրի վարչապետը ֆեյսբուքյան գրառում է կատարում առ այն, որ կապաակտիվացնի ակտիվացված բարերարներին, և ժամեր անց իրավապահ մարմինները փորձում են ձերբակալել, այնուհետև ձերբակալում են Սամվել Կարապետյանին։ Սա գալիս է ուղղակիորեն հարվածելու մեր պետության ժողովրդավար և իրավական հենքերին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը հեռու է ժողովրդավարությունից։
«Որքան էլ իրենց թույլ են տալիս ամպագոռգոռ հայտարարություններ անելու առ այն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իրենք արդեն այնքան են սահմանները շրջանցել, որ անգամ չեն էլ կաշկանդվում ձևական ֆորմալ ժամանակագրություն պահպանելու տեսանկյունից։ Այսինքն՝ մարդու տուն գնալուց հետո է հայտնի դառնում, թե նոր ինչ հոդված է տառացիորեն կարվում մարդու նկատմամբ։ Դրան էլ հաջորդում է արդեն մարդու սեփականության իրավունքի նկատմամբ նկրտումները։ Արդեն ժամեր շարունակել մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետը, թողնելով մի շարք կարևորագույն օրակարգային հարցեր, զբաղված է սպառնալով ՀԷՑ-ին, և զբաղված է նաև հայտարարություններով առ այն, որ իրենք պատրաստվում են ազգայնացնել չակերտավոր ՀԷՑ-ը։ Սա ուղղակիորեն գալիս է իր հերթին հարվածելու Սահմանադրությամբ ամրագրված մարդու սեփականության իրավունքին, որը հռչակված իրավունք է մեր Սահմանադրության 31-րդ հոդվածում։ Սահմանադրությունը նախատեսում է հիմքեր սեփականաշնորհելու մասնավոր սեփականությունը, բայց այդ հիմքերը հստակ են՝ հանրային շահն է և դատական ակտի մեղադրական դատավճիռի առկայությունը։ Այս իրավիճակում, բնականաբար, երկուսն էլ առկա չեն, ու արդեն իշխանությունը մեկ օրվա ընթացքում, ոչ միայն մարդու անձնական ազատության անձեռնմխելիությունն է խախտում, այլև սեփականության իրավունքն է կոպտորեն ու հակասահմանադրական եղանակով ոտնահարվում»։