ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը խորհրդարանում․
«Տարածաշրջանային էսկալացիան, որն այս պահին դեռևս դրսևորվում է Իրան-Իսրայել բազմաշերտ հարվածներով, նոր պայթյուն է խոստանում ոչ միայն այս երկու երկրներին, այլ նաև նրանց, որոնք անպատրաստ են ճգնաժամի ուղղակի և անուղղակի հարվածներին, որոնք չեն գնահատել եղած սպառնալիքների ազդեցությունը սեփական երկրների անվտանգության միջավայրին ու տնտեսական իրավիճակին և անկարող են ռիսկերի կառավարում իրականացնել:
Եթե Հայաստանի կառավարությանը թվում է, որ իրենք կարող են իրավիճակին անհաղորդ և անտարբեր մնալով կամ թեման շրջանցելով՝ խուսափել իրադրային այս ծանր զարգացումների հետևանքներից, չարաչար սխալվում են:
Այլ է վիճակը, երբ իշխանության արտաքին քաղաքական տապալումների և անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ կատաստրոֆիկ պատկերացումների պայմաններում, հասարակական սպասում այս կառավարությունից չի էլ ձևավորվում:
Տարածաշրջանում խորացող ճգնաժամի պայմաններում, Հարավային Կովկասում խախտվում է այդպես էլ չկայունացած ռազմաքաղաքական բալանսը, որում որպես կայունացնող և զսպող դերակատար ներգրավված երկրներից Իրանն ամբողջ ճակատով պատերազմի մեջ է Իսրայելի հետ:
Սա մեր տարածաշրջանում ավտոմատ կերպով մեծացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը, ինչ-որ առումով՝ ազատ արձակում նրանց արյունոտ ձեռքերը՝ հիմքում ունենալով նաև այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի ուղղությամբ և իրենց համար կարող է փոքր պատուհան բացվել իրենց ռազմավարական շահերի իրացման համար:
Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագիծը տարբեր գործոններով է պայմանավորված և այս տեսանկյունից մեծ թվով հարցեր էլ անորոշ են, որովհետև պարզ չէ, թե Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջանը բանակցությունները ինչ սկզբունքների և մոտեցումների շրջանակներում են ընթանում և վարագույրների հետևում ընթացող պրոցեսն ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար:
Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար, լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առ այն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլև իրենց շահերին հակասող պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ինչևէ, ցավոք, մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ «ականջ շոյող» խոստումներ է լսել, սակայն, որպես կանոն, ստացել է միայն պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ և բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա»: