«Մենք իրավունք չունենք մեր ժողովրդին ևս մեկ անգամ հիասթափեցնել»,-News.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի մասին։
Նա ընդգծեց՝ ցավոք սրտի, ինքն այս պահին փողոցով իշխանափոխության հասնելու հնարավորություն չի տեսնում։
«Ես չեմ հավատում, որ իրական ընդդիմադիր ուժերն իրար հետ ունենան որևէ տարաձայնություն Նիկոլ Փաշինյանից ազատվելու հարցում։ Նրանք կարող են ունենալ տարբեր տակտիկական մոտեցումներ։ «Հանրապետական» կուսակցության դիրքորոշումն այն է, որ պետք է առաջ գնալ իմպիչմենթի տարբերակով։ Եթե «Հայաստան» դաշինքը որոշի փողոցով պայքարել, ի սեր աստծո, թող պայքարեն։ Ես այս թեմայի մեջ խուսափում եմ մտնելուց»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով, որ «Հայրենիք» կուսակցությունը բարեկամ է բոլոր ընդդիմադիր ուժերի, այդ թվում երկրորդ նախագահի ու նրա թիմակիցների հետ։
Նրա խոսքով, տարբեր կուսակցությունների, բացառությամբ ՔՊ-ի ու դրան սատարող մի քանի կուսակցությունների, ներկայացուցիչների հետ ինքը պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ է ունենում։
«Բայց ես չեմ ասում, որ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չպետք է անենք։ Ես ասում եմ՝ չբացառելով փողոցային պայքարը, պետք է պատրաստվենք ընտրություններին։ Հակառակ դեպքում մենք դատապարտված ենք լինելու պարտության։ Մենք զուգահեռաբար երկու պրոցես պետք է իրականացնենք, փորձենք գեներացնել փողոցային պայքար, պետք է լինի ինչ-որ թրիգեր, որը կբերի մասաների լայն զանգվածների փողոց դուրս գալուն»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանը «Հայրենիք» ու այլ ընդդիմադիր կուսակցությունների շանսերը 2026 թ. ընտրություններին, նա նշեց.
«Մեր կուսակցության հնարավորությունները գնահատում եմ շատ լավ։ Մեր կուսակցությունը շատ լուրջ աշխատանք է իրականացնում արդեն երկար ժամանակ, գրեթե բոլոր խոշորացված համայնքներում հիմնել ենք «Հայրենիք» կուսակցոթյան գրասենյակներ, կուսակցական աշխատանքներն իրականացվում են, գրվում է ծրագիր։ Ես շատ եմ շփվում ժողովրդի հետ, մարդիկ ասում են՝ լավ, բա որ սրանք գնացին, դուք եկաք, ի՞նչ եք անելու, ի՞նչ է լինելու։ Ես մասնագիտական խմբերի հետ աշխատում եմ այդ ծրագրի վրա, որպեսզի մարդկանց բացատրենք, թե մենք ինչ ենք առաջարկում, ինչ է լինելու այս աղետից հետո։ Մենք պարտավոր ենք դա ներկայացնել։ Բայց նախաձեռնել փողոցային պայքար, ու ևս մեկ անգամ մարդկանց տանել հիասթափության, մենք նման իրավունք ուղղակի չունենք։ Դուք էլ եք շփվում մարդկանց հետ, հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի մարդկանց լայն աջակցությունը, նրա վարկանիշը գտնվում է ամենացածր մակարդակում, 15 տոկոսից էլ ցածր է։ Նիկոլ Փաշինյանի հենասյունն այսօր իրավապահ համակարգն է»։
«Հայրենիք» կուսակցության նախագահի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի։
«Ինքը հրապարակային հայտարարել է, եթե 44-օրյա պատերազմը չլիներ, ունենալու էինք նույն արդյունքն առանց զոհերի, ասել էր՝ այդ ժամանակ ինձ մեղադրելու էին դավաճանության մեջ։ Այսինքն, մարդը հստակ գնահատել է իրավիճակը, որ մեկ է՝ պարտվելու ենք, մտել է պատերազմի մեջ պարտվողի հոգեբանությամբ ու ասում է, որ ինձ դավաճան չասեն ու իշխանությունից չզրկեն, տանենք չորս հազարից ավելի տղաների կոտորենք, որ ինձ բան չասեն»,-նշեց նա։
Հարցին, գիտե՞ք մոտավորապես , թե ինչ է լինելու Հայաստանում, Երևանում, երբ Փաշինյանն իշխանութուն կորցնի, Վանեցյանն արձագանքեց. «Գիտեմ, թե ես ինչ եմ անելու։ Մշտապես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ կապված պետք է անցկացվի օբյեկտիվ հետաքննություն, ընդ որում, պետք է պահպանել բոլոր օրենքները, որպեսզի հանրային ընկալման մեջ դա վստահություն ներշնչի»։
Ինչի՞ համար եք ափսոսում հարցին էլ ի պատասխան ընդդիմադիր գործիչը նշեց. «Ամենաշատը ափսոսում եմ, որ չեմ կարողացել կանխել այն վատ բաները, որ եղան մեր երկրի հետ, որ մենք կորցրեցինք մեր հայրենիքի արցախյան հատվածը, մեր տղաներին, որ այսօր կորցնում ենք մեր պետականութունը։ Վստահ եմ, որ Հայաստանը դուրս է գալու այս վիճակից, և դառնալու է այն երկիրը, որի համար մենք պայքարել ենք, որի մասին երազում են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ապրող հայերը»։