«Չեմ կարծում, որ ցանկություն ունեն ձերբակալելու Սամվել Շահրամանյանին։ Որևէ մեկին ձերբակալելով՝ որևէ մեկը չի կարող Արցախի էջը փակել»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ այս պահին Արցախի վերադարձ որևէ կերպ չի պատկերացնում։
Ս. Սարգսյանն ասաց, որ «Լավրովի պլան» որպես այդպիսին լրագրողների, նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է, այդպիսի պլան չի եղել. «Համանախագահներն, անկախ նրանից, դա Ռուսաստանի ներկայացուցիչ էր, Ֆրանսիայի, թե ԱՄՆ, միշտ ներկայացրել էին եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ»։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության լուծման մասին՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ այդ մասին մանրամասն խոսել է. «Հարցը լուծվում էր հետևյալ կերպ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշում է ԼՂ բնակչության ազատ կամարտահայությամբ, որն ուներ պարտադիր իրավական ուժ, որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։
Երկրորդ՝ մենք Ադրբեջանին էինք վերադարձում 7 շրջաններից հինգը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղապահ ուժեր էին գալիս, և կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով և երբ կորոշվեր ԼՂ վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաև երկու շրջանների ճակատագիրը»։
Ս. Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը բանակցություններից հետ չի կանգնել։
Մանրամասն՝ տեսանյութում։