ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մեկ դեկլարատիվ բնույթի նորմ, ըստ որի, ՀՀ-ն ընդունում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք սահմանադրական կարգի խախտում չէ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու ներքին հարցերին միջամտելը։
«Ի՞նչ է եղել, որ ստիպի, որպեսզի ծագի նման հարցադրում, ինչո՞վ է խառնվելը դրսևորվել։ Իմ դիտարկմամբ՝ առկա խնդիրների մասին խոսելն ինքնուրույնությանը միջամտել չէ»,-ասաց Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու հետ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով և այսօր էլ կա օրենսդրական դաշտ, որը որոշակիորեն կարգավորում է այդ հարաբերությունները։
«Այդ կարգավորումները միտված են եկեղեցուն որոշակի արտոնություններ տալուն։ Մենք ընդունում ենք, որ գոնե այս պահին եկեղեցու և եկեղեցականների հետ հարաբերությունները կարող են օրենքի մակարդակում կարգավորվել։ Չպետք է մոռանանք, որ իրավական պետություն ենք, և այն, որ եկեղեցու կարգավիճակը սահմանվել է Սահմանադրության շրջանակներում, դա ևս խոսում է այն մասին, որ առնվազն հնարավոր է, որ իմպերատիվ կարգավորումների դաշտում քննարկվեն այն հարցերը, որոնք այսօր քննարկվում են»։
Ինչ վերաբերում է վարչապետի օգտագործած բառամթերքին, նախարարն ասաց.
«Կարծում եմ, որ խնդրի բարձրաձայնման հետ կապված ամեն մարդ ինքն է ընտրում, թե ինչպես պետք է դա անել։ Այո՛, սուր երանգներ պարունակող բառամթերք է, և եթե դա չի հատում իրավականության սահմանը, կարծում եմ, որ խնդիր չկա։
Մենք այսօր ունենք խնդիր, ունենք եկեղեցի, որն արդեն վաղուց զբաղվում է քաղաքականությամբ։ Եկեղեցականները պարտավոր են հետևել որոշակի կանոնների, որոշակի կանոնների էլ պարտավոր են հետևել նաև պաշտոնյաները, քրիստոնյա համայնքը ինքն է որոշողը՝ հետևի՞ այդ կանոնների պահպանմանը, թե՞ ոչ»։