«Ես կարգի հրավիրված եմ, պարոն դատավոր». Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցել է լարված


«Ես կարգի հրավիրված եմ, պարոն դատավոր». Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն անցել է լարված
Հունիս 6 23:08 2025

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում որպես վկա հարցաքննվեց Գրիգոր Նավոյանը, ով զորամասի վարորդներից է։

Նա պատմեց, երբ որ հասել է դեպքի վայր, կրակն արդեն մարած է եղել, զինվորներին արդեն հանել էին։ Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց, թե արդյո՞ք այլ վարորդներ աշխատել են իր հետ նույն զորամասում, քանի հոգի՞։

Վկան պատասխանեց, որ շատ վարորդներ են եղել, չի կարող թվով նշել։

«Շատերը... բոլորը եկե՞լ էին դեպքի վայր»,- հարցրեց պաշտպանը։

«Չեմ կարող ասել»,- ասաց վկան։

Պաշտպանը հետաքրքրվեց. «Ձեզ ասացին՝ գնացեք դեպքի վայր, չասացին ի՞նչ պետք է անեք՝ հրդեհը  հանգցնեք, վիրավորներին տեղափոխեք, զոհված զինծառայողներին տեղափոխեք, անձանց տարհանեք, անկողին, մահճակալ տեղափոխեք»։

«Ես գիտեի, որ ես պետք է ավտո քշեմ։ Կամազ։ Այդ մեքենայով ամեն ինչ արել եմ»,- ասաց վկան։

Դատավորը հստակեցրեց հարցը՝ գնացեք էիք դեպքի վայր, որ ի՞նչ անեիք, ձեզ հանձնարարություն չէի՞ն տվել։

«Հելել ենք ու գնացել ենք սաղովի իրար հետ»,- ասաց վկան։

«Գնալու նպատակն ի՞նչ էր»,- կրկնեց հարցը Նորիկյանը։

«Շատ գիտեմ, գնալ դեպքի վայր։ Օգնություն... Էդ պաժարի համար»,- նշեց վկան։

Ի պատասխան հարցերի, նա ասաց, որ երբ հասել է դեպքի վայր, զոհված զինծառայողներին արդեն հանել էին շենքից, տարել։

«Ամեն մեկը գլուխը կախած ման էին գալիս։ Մենք գնացինք, կանգնեցինք, ցավ ապրեցինք, եկանք»,- նշեց վկան։

Գրիգոր Նավոյանը չի հիշում՝ կոնկրետ ինչքան  ժամանակ են  մնացել դեպքի վայրում՝ մեկ ժամ, կես ժամ,  որևէ խնդիր չեն կատարել։

Հարցաքննության ժամանա նաև պարզվեց, որ ինքը դեպքի վայր իր կամազով չի գնացել. «Այդ գիշերը, որ ես դիրքերից եկել էի, խնդիր էր տվել, խնդիր տված, կանգնած էր։ Գնացել էի ընկերներիս մեկի մեքենայով»։

Տուժողներից մեկը հարցրեց. «Դու էդ  տղերքի հետ որ գնացիր, ովքե՞ր էին, անուններն ասա»։ 

«Իմ վաշտի հետ ծառայող ամբողջ տղերքի»,- ասաց վկան։ 

«Այստեղ է հարցը... Փաշինյանը դասախոսություն է կարդում դատավորների, իրավաբանների համար, պետք է հավաքի, սրանց դասախոսություն կարդա...»,- զայրացած ասաց վկան։ 

Տուժողներից մեկը վկային հարցրեց. «Ով ուզում է զանգի՝ վերադասը, թե տղերքը, դու գնո՞ւմ ես»։

«Չեն զանգում, ասում՝ հել, հավայի արի զորամաս, գործ կա։ Տեղյակ են պահում, որ գնամ զորամաս, տեղում էլ իմանում ենք, թե ինչի համար են կանչել՝ տագնապի համար է, գործի համար է»,- ասաց վկան։

Տուժողը պահանջեց, որ հացերին կոնկրետ պատասխանի. «Ընկեր, կուռաժիտ մի արի, հարցերին կոնկրետ պատասխանի»։  

«Հարց ես տալիս, կոնկրետ պատասխանում եմ, էդ ձևով էլ դու իմ հետ մի խոսի»,- հակադարձեց վկան։

Իրավիճակը լարվեց, սկսեցին գոռգոռալ տուժողը, վկան, դատավարը  պահանջեց լռություն պահպանել։

Վկան ասաց. «Եղբյար,  ինչի՞ համար ես հարց տալիս»։

Դատավորը վկայից պահանջեց. «Ձեզ կարգի հրավիրեք»։

«Ես կարգի հրավիրված եմ, հարց է տալիս, պատասխանում եմ պարոն դատավոր»,- ասաց վկան։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ: