Նախաձեռնված իմպիչմենտի ծրագիրը վերջին տարիների թերևս միակ ծրագիրն է. Արմեն Մովսիսյան


Նախաձեռնված իմպիչմենտի ծրագիրը վերջին տարիների թերևս միակ ծրագիրն է. Արմեն Մովսիսյան
Հունիս 5 22:03 2025

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.

«Եվ այսպես`փորձենք վերլուծել, թե ինչ ունենք Հայաստանի քաղաքական դաշտում:

Առաջին սեգմենտը գործող կառավարությունն է: Եթե հակիրճ բնութագրենք այս սուբյեկտին, դատողությունը շատ պարզ է. կառավարող խմբակը` պարագլխի գլխավորությամբ, չունենալով ոչ մի պրոդուկտիվ ռեսուրս (թալանը հետ բերելը, կաթողիկոսից աչոտ ուզելը, նախկինների բոբո լինելը և այլն այլևս քարոզչական այն էֆեկտը չունեն, ինչը որ մի քանի տարի առաջ էր), իշխանության պահպանման միակ ռեսուրս է դիտարկում Հայաստանի ու շարքային հայի շահը: Օրինակ` անկախ բովանդակությունից ու պայմաններից` պարզապես խաղաղության փաստաթուղթ է մուրում (հավանաբար հանրության աչքին թոզ փչելու ու արտահերթ ընտրությունների գնալու նպատակով) կամ` անխնա տեմպերով պարտք է կուտակում (սրան առանձին անդրադառնալ է պետք), բանակից փողով ազատվելը օրինականացնում է և այլն, և այլն: Այս սեգմենտի համար չափազանց կարևոր է դրսի ուժերի «ռասպալաժենիան», ուստի իշխանությունը չի խորշում Հայաստանի ներքաղաքական կյանքի ակտիվ մասնակից դարձնել նույնիսկ Թուրքիային:

Երկրորդ սեգմենտը իրականում իշխանության կցորդ, բայց առերևույթ, իբր, քննադատող ուժերն են, ավելի ճիշտ ուժիկները: Անուններ առայժմ չտանք, բայց բոլորդ էլ հասկանում եք, որ սրանք արևմտյան հովանոցի տակ կուչ եկածներն են, որոնց արևմտամետությունը կրիտիկական պահերին երկու ոտքից կաղում է: Մի նախադասությամբ կարելի է ասել, որ այս ուժերը ոչ մի իրական ծրագիր ու ռեսուրս չունեն: Փողը տալիս են համապատասխան յուէսէյայդիները, հրահանգներն էլ հետևից:

Երրորդ սեգմենտը այս վերջինների կլոնն են, միայն թե` հովանավորի դերում ոչ թե Արևմուտքն է, այլ Հյուսիսը: Ի տարբերություն արևմտամետների, ռուսամետների ֆինանսավորումն այնքան էլ ինստիտուցիոնալացված չի, իսկ հրահանգներն էլ սիտուատիվ բնույթ են կրում: Արդյունքում` այստեղ անսահման ամբիցիաներ են ու մեծ անորոշություն (գումարած` լիքը ձախողումներ):

(փակագծում նշենք, որ երկրորդ և երրորդ սեգմենտների ներկայացուցիչները սիրում են միմյանց չանչել, բայց նրանք իրականում սիամական երկվորյակներ են և երկուսն էլ թքած ունեն Հայաստանի ռացիոնալ շահի վրա)

Չորրորդ սեգմենտը բաղկացած է Հայաստանի շահը պատկերացնող ուժերից: Այստեղ ծայրաստիճան խայտաբղետություն է, իսկ միակ ընդհանրությունն այն է, որ այդպես էլ չեն կարողանում հստակ օրակարգ ձևակերպել և դրա շուրջ կոնսոլիդացիա ապահովել: Կրկին` առայժմ անուններ չեմ տա, բայց պետք է ասեմ, որ մեր ազգային շահը կարևորելու հանգամանքը խիստ դիֆերենցված է. ոմանց մոտ այն ընդամենը ծիսական ընկալում ունի, իսկ ոմանք դա այն աստիճանի են արմատականացնում, որ անգամ սպառնում են դրանց:

Եթե մանրադիտակով ուշադիր զննենք, կտեսնենք, որ քաղաքական սուբյեկտները շատ են ու բազմազան, բայց դրանցից միայն մի քանիսն են իրականում սեփական գործունեությունը պայմանավորում ազգային շահով: Իսկ արդյոք նրանց կհաջողվի՞ սեփական գաղափարների ու օրակարգի շուրջ կոնսոլիդացիա ապահովել, առայժմ պարզ չէ:

Իմ պատկերացմամբ` հենց այս վիճակն է պատճառներից մեկը, որ չնայած գործող կառավարության հակապետական ու հակահայկական գործունեությանը, այդպես էլ հակակառավարական լուրջ առանցք ու օրակարգ չի կայանում:

ՀԳ. Պետք է անկեղծ լինեմ. երեկ հարց էի տվել, թե արդյոք Նիկոլին հեռացնելու որևէ ռեալ նախաձեռնություն կա՞ այժմ` բացի Մալյանի ու Ղազարյանի նախաձեռնած իմպիչմենտից: Պարզվեց չկա:

Էլ ավելի անկեղծանամ. Նարեկի ու Էդգարի հանդեպ հարգանքով հանդերձ, պետք է խոստովանեմ, որ իմպիչմենտը միայնակ գլուխ բերելու նրանց ռեսուրսներն անբավարար են: Ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը միանան դրան ու պատասխանատու կերպով այն առաջ մղեն:

Մյուս կողմից` նախաձեռնված իմպիչմենտի ծրագիրը վերջին տարիների թերևս միակ ծրագիրն է, որ ծնվել է ներսում` արտաքին թելադրանքի արդյունք չէ: Հետևաբար այն ուժերը, որոնք հետամուտ են Հայաստանի շահին և նրանց հիմնական մոտիվացիան «դրսի դաբրոն» չէ, պետք է այս նախաձեռնությանն ավելի խնամքով ու հետևողական մոտենան: Չափազանց տխուր կլինի, եթե դուրսը հոգնի Նիկոլից ու որոշի նախաձեռնությունը խլել հայաստանակենտրոն ուժերի ձեռքից: