Սերոբ Գասպարյանն իր նորածին թոռանը տեսել է լուսանկարով․ պաշտպանը պահանջում է Գասպարյանի կալանքը փոխարինել տնային կալանքով


Սերոբ Գասպարյանն իր նորածին թոռանը տեսել է լուսանկարով․ պաշտպանը պահանջում է Գասպարյանի կալանքը փոխարինել տնային կալանքով
Հունիս 5 20:52 2025

Սերոբ Գասպարյանն ապօրինի է գտնվում անազատության մեջ։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, գրում է «Փաստինֆո»-ն։

Պաշտպանի դիտարկմամբ՝ առկա չեն հիմքեր Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի երկարացման համար։ Այս երեք ամիսների ընթացքում կայացած ընդամենը երեք նիստերի բովանդակային արդյունավետության տեսանկյունից փաստաբանը նկատեց, որ այս երեք ամիսների ընթացքում արդեն կարող էին հետազոտված լինել ապացույցների մի մասը․ ինչը դեռևս չի իրականացվել, բացի այդ, փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ նման ինտենսիվությամբ շարժվելու դեպքում պաշտպանության իրավունքի լիարժեք ապահովումն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց ոչ պատշաճ ջանասիրության հանգամանքի վրա, նկատեց՝ նույն կետում են մնում, արդյունքում՝ կալանքի ժամկետը կերկարացվի․ «Եթե այսօր խափանման միջոցի հարց չքննարկվեր, ապա այսօրվա դատական նիստը կսպառվեր, բայց չէր սահմանվի ապացույցների ներկայացման և հետազոտման հաջորդականության կարգը»։  Ալեքսանյանի խոսքով՝ այս ամենի հակակշռումն այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն է։ Այս դեպքում պաշտպանության կողմը միջնորդեց կիրառել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։ 

«Եթե նախկինում Սերոբ Գասպարյանն իր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու լիարժեք հնարավորություն չի ունեցել, որովհետև եղել է պատերազմի դաշտում, ապա այժմ թույլ տվեք, որ գոնե թոռան մեծանալը տեսնի։ Գասպարյանն իր նորածին թոռանը տեսել է լուսանկարով, որոնք մենք ենք ցույց տալիս դատարանում։ Մենք չենք ասում՝ վերացրեք խափանման միջոցը, ասում ենք՝ սահմանափակումները նվազեցրեք»,- նշեց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ ՔԿ-ն 2024թ․ սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։

Քրեական գործը դատարան է ուղարկել երեք անձի մասով՝ Սերոբ Գասպարյանի, Արմեն Մնացականյանի, Երջանիկ Սիմոնյանի դրվագով։