Կոռուպցիան վխտում է Հայաստանում. Արթուր Վանեցյան


Կոռուպցիան վխտում է Հայաստանում. Արթուր Վանեցյան
Հունիս 2 16:38 2025

«Ասում էր՝ թալանը վերադարձնելու ենք, տանք ձեզ, ժողովուրդ։ Հիմա ամենամեծ թալանչիներն իրենք են։ Կոռուպցիան վխտում է Հայաստանում, և սա զուտ խոսքեր չան, իրականութունն է։ Իրենց քաղաքական խոսույթից մեջբերում անեմ. ասում էին, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, հիմա քաղաքացին դարձել է 100 տոկոսանոց տուգանքի մատերիալ»,- ԼուրջCast-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, ավելին, ամեն օր իշխանութունները մտածում են՝ ի՞նչ նոր օրենք ընդունեն, որ քաղաքացու կյանքը դժվարացնեն։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու գաղտնիքներից մեկն էլ եղել է այն, որ ինքը թվացյալ ազատություն է տվել բիզնես աշխարհին։ Մարդիկ ասում էին՝ լավն է, վատն է, ինչ է, մեզ չեն կպնում, հարկային տեռոր չկա, ապրանքը բերում ես, մաքսազերծում է, մենաշնորհները չկան։ Բայց հիմա մենք ի՞նչ ենք տեսնում։ Իրենց հետ աֆիլացված մարդիկ բիզնեսը քաշել են իրենց տակ, մնացած տնտեսվարողները, որ ՔՊ աջակիցները չեն, էն հայտնի դրամահավաքներին չեն մասնակցում... դրամահավաքի հրավերից հետո եթե մի բիզնեսմեն չի գնում դրամահավաքի, իմանում ենք, որ հարկայինը մտավ, մի անհեթեթ ակտ գրեց։ Հիմա բիզնեսին էլ են սկսել նեղացնել, դրա հետ մեկտեղ ոչ մի տնտեսական աճ չունենք, տնտեսության մեջ մի լավ բան չունենք, ավելին, բյուջեի չկատարում ունենք։ Հիմա աֆերիստություն են արել, բյուջեն պետք է ամեն ամիս պլանավորված հավաքվի, հիմա իրենք առաջին ամիսներին փոքր գումարներ են թողել, որ վիճակագրություն ցույց տան՝ իբր 100 տոկոսով հավաքում են, բայց  6-7-րդ ամիսը հենց լրանա,  տարվա վերջ մենք կտեսնենք, որ բյուջեն չի կատարվում։ Հիմա ձեր եթերում ես կանխատեսում եմ ներկայացնելու, մոտավորապես 250 մլրդ դրամից  ավելի գումար բյուջեն չի լրացվելու, դրա բացը պետք է լրացնեն վարկային նոր միջոցներ ներգրավելով։ Վարկային միջոցներ ներգրավեն, արտաքին պարտքն ավելանալու է։ Այսօր արդեն ունենք ահռելի գումար՝ 12 մլրդ դոլարից ավելի պարտք, այդ բեռը պետության, իմ, ձեր, բոլորի  վրա է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նրա պնդմամբ, այս իշխանությունները քանդում են ամեն բան. քանդել են անվտանգային համակարգը, քանդել են տնտեսությունը, քանդել են առողջապահական համակարգը, կրթական համակարգը խայտառակ վիճակում է, փորձում են մեր ինքնությունը ոչնչացնել՝ սուտ խոստումներով, գոռալով, ճչալով, մարդկանց վիրավորելով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։