ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը անդրադարձել է իր գործով նախաքննության ավարտին՝ նշելով, որ իրավապահ համակարգին այդպես էլ չի հաջողվել փաստացիորեն կապել իր դեմ ներկայացված մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ։
«Այսօր տարածվեց հաղորդագրություն` դեռևս 2021 թվականի մայիսին ինձ ներկայացված մեղադրանքի մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Ամբողջությամբ քաղաքական իմաստ ունեցող այս գործի մասին արդեն խոսվել է։ Այնուամենայնիվ, որոնեցին երկար, մանրակրկիտ, բայց այդպես էլ չկարողացան փաստացիորեն կապել մեղադրանքները կոնկրետ հանցավոր իրադարձությունների հետ, որոնք պարզապես բացակայում են։ Արդյունքում՝ ունեն ենթադրություններ, բայց՝ առանց փաստերի։ Այնտեղ, որտեղ կան փաստեր, բացակայում է դրանց իրատեսական բացատրությունը։
Իրավապահ համակարգի՝ իմ ընտանիքի և կնոջս հարազատների ունեցվածքի դեմ տարվող յոթ տարիների պայքարը հիշեցնում է հայտնի Դոն Կիխոտի պայքարը հողմաղացների դեմ։ Բայց նրա պայքարում կար խորքային իմաստ, իսկ մեր իրավապահների դեպքում այն դարձավ ընդամենը «հեղափոխական արդարադատության» մարմնավորումը, որը որևէ կապ չունի ո՛չ արդարության, ո՛չ իրավունքի գերակայության հետ։ Օրինակ, արդար և բարոյական չէ որպես իմ սեփականություն ներկայացնել այն ունեցվածքը, որն իրականում պատկանել է և պատկանում է կնոջս հարազատներին՝ համարելով նրանց անցյալ և կենսագրություն չունեցող անձինք։ Թելման և Վալերի Սահակյանները Հայաստանի և Ռուսաստանի խորհրդային և ժամանակակից շրջանների հայտնի բիզնես դինաստիայի հիմնական ներկայացուցիչներն են, նրանք ակտիվորեն զբաղվել են տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ դեռևս այն ժամանակ, երբ ես դպրոց էի գնում։ Միամտություն կլինի կարծել, թե այս պայքարում քննիչներն ու դատախազները ղեկավարվել են իրենց իդեալներով ու երազանքներով, կամ չեն իմացել վերը նշված հանգամանքների մասին։ Համոզված եմ, որ մերօրյա Դոն Կիխոտը Սանչոյին անպայման կասեր. պարտավոր ես գիտակցել, որ անձնական և խորապես բարոյական պատասխանատվություն ես կրում, անգամ՝ «այլոց կողմից ընդունված» քո որոշումների համար։ Առայժմ այսքանը»,– գրել է Արմեն Գևորգյանը։
ՀԿԿ տարածած հայտարարությանն անդրադարձել է նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը․
«Շնորհակալ եմ իմ ամուսնուն՝ Արմեն Գևորգյանին, որ այսքան տարի բարձր է պահել իմ գերդաստանի պատիվը։ Նա միշտ արժանավույն գնահատել է իմ հարազատների՝ մասնավորապես իմ պապերի՝ Թելման Սահակյանի և նրա եղբոր Վալերի Սահակյանի, Սերգեյ Թովմասի Հախվերդյանի ներդրումը սովետական և անկախ Հայաստանի տնտեսության մեջ։ Հպարտ եմ, որ իմ պապերը կարողացել են ստեղծել այնքան բարիք, որ ինձ և իմ ընտանիքի անդամներին ապահովել են արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։ Թելման Արտաշեսի Սահակյանի մասին չեմ մանրամասնում, քանի որ Հայաստանում նրան շատերը ճանաչում են (Սովետաշենի տրիկոտաժի միավորման երկարամյա գլխավոր տնօրեն, Հայ տեքստիլ տորգի 10–ամյա կառավարիչ, հետագայում նաև համասեփականատեր, ինչպես նաև մինչև 2015 թվականը իրականացրել է տարբեր ձերնարկատիրական ծրագրեր), իսկ Վալերի Արտաշեսի Սահակյանի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Խիստ վիրավորական է, երբ նմանատիպ մարդկանց անցյալը անտեսվում է, քաղաքական նկատառումներից ելնելով և իմ ամուսնուն՝ Արմեն Գևորգյանին վարկաբեկելու համար։ Ծիծաղելի է վերագրել իմ ամուսնուն նաև այն գույքերը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը և դպրոցական տարիները։ Ականատես ենք fake (շինծու) քրեական հետապնդման վառ օրինակին։ Աստված իմ պապերի հոգիները լույսերի մեջ պահի»,– գրել է Թամարա Գևորգյանը։