Պռոշյան գյուղի բնակիչների տրանսպորտի հարցը չի լուծվել, պայմանավորվածությունները չեն պահվել


Պռոշյան գյուղի բնակիչների տրանսպորտի հարցը չի լուծվել, պայմանավորվածությունները չեն պահվել
Հունիս 2 14:48 2025

Պռոշյան գյուղի բնակիչներն այսօր էլ մտադիր էին փակել Աշտարակ-Երևան ճանապարհը՝ բարձրաձայնելով դեռևս չլուծված տրանսպորտի խնդրի մասին։ Սակայն ոստիկանությունում իմացել են բնակիչների մտադրության մասին ու հրավիրել են այնտեղ հանդիպման։

«Ես մասնակցել եմ այս հարցով կառավարության անդամների հետ բոլոր հանդիպումներին, եթե պայմանավորվածություն ենք ձեռք բերում, իրենք պարտավոր են կատարել։ Ես որևէ ակնկալիք չունեմ այս հանդիպումից ևս»,-News.am-ին ասել է Պռոշյան գյուղի բնակիչը։

Նա հիշեցրել է, որ կառավարությունում կայացած առաջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առնվազն պետք է ապահովվեն մարդկանց անվտանգ երթևեկությունը, եթե նույնիսկ թիվ 25 ավտոբուսային երթուղին պետք է ավարտվի պաշտպանության նախարարության նախկին շենքի մոտ, ապա պետք է լուսավորություն անցկացվի, մայթերը բարեկարգվեն, սակայն որևէ քայլ չի արվել։

Բացի այդ, երեկ ավտոբուսը ոչ միայն չի հասել ՊՆ նախկին շենքի մոտ, այլև կաայանել է Վանահովիտի հարևանությամբ։

Հիշեցնենք, որ Պռոշյան ու Քասախ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները սկիզբ են առել այս տարվա ապրելի 5-ից։ Բնակիչները մինչ այդ օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով նախ 100, ապա 150 դրամ։ Հետո Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ, քանի որ դրանք Երևանի մաս չեն կազմում։

Գծված նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։ 

Բնակիչների պայքարի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գոնե 25 երթուղին սպասարկող ավտոբուսները կհասնեն Պռոշյանից քիչ այն կողմ գտնվող ՊՆ նախկին շենք։ Կանգառին հասնելու համար համայնքների բնակիչները ստիպված են մի քանի կմ անցնել ոտքով։