Այսօր՝ մայիսի 27-ին, Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Նորք Մարաշ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում նկատել են դիմակավորված մի քաղաքացու։ Պարեկները, երբ փորձել են մոտենալ այդ քաղաքացուն, վերջինս նրանց տեսնելով դիմել է փախուստի։ Մոտ 800 մետր պարեկները հետապնդել են կանաչ գույնի սրբիչից հարմարեցված դիմակով դիմակավորվածին ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին։
Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը, որի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնվածը Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Թ․-ն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը փորձել է նշված վայրից մի քանի ավտոմեքենաներ թալանել։
Նրա մոտ հայտնաբերվել են ռեզինե ձեռնոցներ, զիպ փականով ընդհանուր 1.05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և ավտոմեքենաներ ու ավտոտնակներ բացելու համար հարմարեցված հատուկ գործիքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, ինչպես նաև կասկածյալը և իրեղեն ապացույցները ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։