ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նաիրա Զոհրաբյանին կոչ է անում նոր կյանք սկսել, այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞:
Անժելայի մասին բան չունեմ ասելու, առանձնապես չեմ առնչվել նրա հետ, բայց այ Նառա՜ն…Երբ Նառան առաջատար լրագրող էր եւ աշխատում էր մեր թերթում, ես, որպես սկսնակ լրագրող, նրա երկրպագուն էի։ Ինձ դուր էր գալիս նրա գրելու ոճը, աշխատելու արագությունը, մտքի ճկունությունը, գրպանում դրված սիրուն ձեւակերպումները, որ րոպեների ընթացքում հայտնվում էին հոդվածի մեջ։ Ինձ առհասարակ դուր էր գալիս նրա ոչ սովորական, տարբերվող կերպարը, արտաքին տվյալներից մինչեւ յուրօրինակ բառապաշար։ Հետո նա որոշեց մտնել քաղաքականություն։ Հետո հայտնվեց հատակում։
Բա դու է՞դ աղջիկն ես, Նառ։ Ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Ընդ որում՝ լուզեր թոշակառուի։ Ափսոս չի՞ քո միտքը, տարիներով կուտակած գիտելիքը, քո ինտելեկտը, համաշխարհային գրականությունը, որ ուղեղիդ մի անկյունում լուռ տանջվում է, մինչ դու ծառայություն ես մատուցում մեծ էշերից որեւէ մեկին։ Գուցե նրան, որ հայտարարում էր, թե Հայաստանի ամենահարուստ մարդը Նիկոլն է։ Եփած հավի ծիծաղն եկավ։ Գուցե մյուսին, որ չեմ էլ հետեւում՝ ինչ է բարբաջում։ Չգիտեմ։ Կարեւոր էլ չէ, թե ում։
Նոր կյանք սկսիր, Նա՜ռ, նո՜ր կյանք։ Երբեք ուշ չէ։ Մի հատ թափ տուր քեզ, հարգիր քեզ, սիրիր քեզ, դու լուզեր չես, քո նման կանայք լուզեր չեն լինում, մի’ հանձնվիր միջավայրի պահանջներին, քո’ ճանապարհն ընտրիր», - գրել է Աննա Հակոբյանը՝ կից տեղադրելով տեսանյութ։