«Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը Թուրքիան կապելու է թյուրքական աշխարհի հետ:
«Ե’վ Ադրբեջանը, և’ Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
«Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի և այն փաստով, երբ նման արտահայտությունն է օգտագործվում՝ այստեղ դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ… Մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք: Շատ հղում է արվում այդ թվում 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ րդ կետին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա», – ասել էր նա։