ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքում գրում է․
Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս։ 2023թ․-ից հետո, «Հաղթանակ» հասկացությունն աստիճանաբար դուրս է մղվում մեր ազգային գիտակցության ընկալումներից։ Քաղաքական-քարոզչական մակարդակում շարունակվում է գրոհ մղվել հայոց նորագույն պատմության՝ ազգային ինքնագիտակցության և ազգային ոգու հուսալի հենարանի (ինչպես բոլոր ժողովուրդների մոտ է) վրա։ Գլոբալիստական բոլոր կանոններով մեր ազգին զրկում են սեփական անցյալի պատմությունից, իսկ պատմությունը՝ հերոսականությունից։ Առանց ամոթի նշույլի` ներշնչվում է, թե իբր հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում խեղճ ու թույլ է եղել, «պատերազմներում ոչ մի հաղթանակ չի տարել» և այլն։
Մեր մտավորականները, հավանաբար դեռ երկար կխորհեն ստեղծված այն անհասկանալի հանգամանքի շուրջ, որ Նիկոլի «հեղափոխությունից» հետո, մեր երկրում տիրապետող դարձան ոչ թե ազգային ինքնագիտակցության, ազգային հպարտության և ինքնահարգանքի աճի բնական գործընթացները, այլ մոլորվածության, անկման, պարտվողականության տրամադրությունները, որ մեր մեջ տարածված էր, հատկապես, Ցեղասպանությունից հետո։ Սարդարապատի հերոսամարտի, երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի, և հատկապես արցախյան ազատամարտի երկու հաղթանակներին զուգահեռ, բաղձալի անկախության ձեռքբերմամբ՝ 1991-2018 թվականներին՝ նախագահներ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մեր ժողովրդի մեջ տարածված պարտվողականությունն աստիճանաբար հաղթահարվում էր։
Հասարակությանը, որ հայրենական և համաշխարհային պատմության մեջ կարողացել էր ցուցադրել ազգային ոգու և միասնության, հպարտության, ինքնահարգանքի հազվագյուտ բարձունքներ, և պատրաստ էր լուծել էլ ավելի բարդ համազգային խնդիրներ՝ այսօր տարվող նպատակային քարոզչության արդյունքում ստիպում են «հրաժարվել» իր հերոսական անցյալից և մխրճվել «իրական Հայաստանի» հորինովի կաղապարի մեջ։ Կաղապար, որտեղ չկան հաղթանակներ, չկան հերոսներ, չկան համազգային հպարտություններ ու չկան ազգային իդելներ։ 2018թ․-ից առ այսօր կատարվողն իհարկե, չէր կարող ինքն իրեն տեղի ունենալ։ Այն դրսից ներմուծված և գործող կառվարիչների վարած պաշտոնական, նպատակաուղղված քաղաքականության և քարոզչության հետևանք է։
1992թ․ մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրմամբ բնորոշված արցախյան առաջին պատերազմի հաղթանակի օրը և 1945թ․ մայիսի 9-ին հայ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի օրը, վերջերս, պաշտոնական մակարդակով՝ մի կողմից մոռացության մատնվեցին, մյուս կողմից էլ կասկածի տակ առնվեցին մեր ժողովրդի համար դրանց հաղթական լինելը։
Մնաց հասկանանք, թե ինչպիսի՞ն է 1918թ․ մայիսի 21-ից 29 տեղի ունեցած և «իրական Հայաստանի» համար ճակատագրական դարձած Սարդարապատի 9-օրյա հերոսամարտի նկատմամբ այս աղետաբեր կառավարիչների արդի վերաբերմունքը։