«Լելե Թեփե»-ի գործով պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Սույն թվականի մայիսի 14-ին ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրվել է հրապարակում՝ «44-օրյա պատերազմին առնչվող ևս մեկ քրեական վարույթ հանձնվել է դատարան» վերտառությամբ: Այս հրապարակումը ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության համատեղ «օպերացիայի» 2-րդ հատվածն է, քանի որ դրանից մեկ օր առաջ՝ մայիսի 13-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում ներկայացվել և նույն օրը «YouTube» կայքէջում տեղադրվել է «Ինչու է ձախողվել «Լելե թեփե» կոչվող օպերացիան. Սեյրան Օհանյանի գնդապետ որդու գործը դատարանում է» վերտառությամբ հեռուստառեպորտաժը:
Այդ հաղորդագրությունն ու տեսանյութն առաջին հայացքից կարող են այն տպավորությունը ստեղծել, որ կրում են տեղեկատվական բնույթ և նպատակ ունեն հանրությանը տեղեկություններ տրամադրել «44-օրյա պատերազմին» առնչվող քրեական գործի վերաբերյալ, սակայն հատկապես տեսանյութում քրեական գործի հանգամանքների միակողմանի ու անհիմն ներկայացումը, ինչպես նաև՝ դրանում օգտագործվող ձևակերպումներն ու լուսանկարները բավարար հիմք են տալիս հետևություններ անելու, որ բարոյականության, բանականության ու հայրենիքի հետ բոլոր կապերը խզած լրատվականն այդ տեսանյութի միջոցով իրականում նպատակ է հետապնդում վարկաբեկելու հայ զինվորականի կերպարը, հայ զինվորականին ներկայացնելու որպես դասալիք ու վախկոտ: Դրան զուգահեռ լրատվականը քաղաքականացնում է քրեական գործը, քանի որ տեսանյութում անընդհատ օգտագործվում է Արցախի հերոս, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի անունն ու լուսանկարը, թեև այդ անձը վերոհիշյալ քրեական գործի հետ որևէ առնչություն չի ունեցել ու որևէ կարգավիճակով քրեական վարույթին ներգրավված չի եղել: Կարծում ենք, որ լրատվականի նման վարքագիծն իրականում հետապնդում է այլ հեռահար նպատակ, այն է՝ բացասական կերպարի ներքո ներկայացնելու քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց, նրանց վերաբերյալ ձևավորել «հաստատված մեղավորի» հասարակական կարծիք և այդ կերպ ճնշում գործադրել դատարանի վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ դատախազության կողմից տարածված հաղորդագրությունում և տեսանյութում ներկայացված մեղադրանքն անհիմն է, իրականության հետ որևէ առնչություն չունի, քանի որ ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։
Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական պրոցեսին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը»,-ասված է հայտարարության մեջ: