Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվել են հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկություններով. ՀՀ կառավարություն


Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվել են հրադադարի խախտման վերաբերյալ տեղեկություններով. ՀՀ կառավարություն
Մայիս 7 23:20 2025

ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այդ մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գործադիր մարմնից նշել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։

«Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքերի մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ միաժամանակ Փաշինյանի գրասենյակից չեն հստակեցրել՝ ադրբեջանական կողմը իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել, թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների։ Հիշեցնենք՝ մարտի 14-ից, երբ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, ադրբեջանական կողմը շաբաթներ շարունակ հետևողականորեն՝ օրվա մեջ մի քանի անգամ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրում էր իր դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։

ՀՀ ՊՆ-ն հերքում էր հրապարակված բոլոր հաղորդագրությունները՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն՝ հիշեցնելով, որ Բաքվին առաջարկել է հրադադարի խախտումների արձանագրման համատեղ մեխանիզմ գործարկել, ինչին ադրբեջանական կողմն այդպես էլ չի արձագանքել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հենց ադրբեջանական կողմն է պարբերաբար թիրախավորում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերը։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են ադրբեջանական կրակոցներից վնասված տներն ու համայնքային կառույցները։