Ինձ թիրախավորում են, որովհետև մեկն եմ եղել այն երեխաներից, ում ծնողը թողել է ընտանիքն ու գնացել. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)


Ինձ թիրախավորում են, որովհետև մեկն եմ եղել այն երեխաներից, ում ծնողը թողել է ընտանիքն ու գնացել. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ)
Մայիս 6 15:27 2025

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր անդրադարձավ օրեր առաջ իր մայրիկի մասնակցությամբ միջադեպին, երբ «Սրբազան պայքար»-ի մասնակիցների ու նրա մայրիկի միջև վեճ էր տեղի ունեցել, որից հետո թիրախավորվել էր իր մայրը։

«Թիրախավորել էին 70-անց իմ մորը՝ ամեն կերպ սադրելով, որ սկանդալ ստանան։ Քոչարյանի բոլոր լրատվականները վիրավորական ու ծաղրական հոդված, տեսանյութեր են պատրաստում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Ալեքսանյանը նշեց, որ իրեն ու մորը թիրախավորել են նաև նրա համար, որ հայրը թողել է իրենց ու հեռացել։

«Թիրախավորվում է կոնկրետ հանգամանք, այն հանգամանքը, որ ես մեկն եմ տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին՝ երեխաներից, որոնց ծնողը թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ ու այնտեղ կազմել երկրորդ ընտանիք։ Այս հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել ինձ ու իմ մորը։

Ես ուզում եմ ասել՝ որդիաբար խոնարհվում եմ բոլոր այն մայրերի առաջ, որոնք միայնակ են մեծացնում իրենց երեխաներին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է դա ու ես գիտեմ, որ միշտ գտնվելու են երկոտանի կենդանիներ, որոնք  փորձելու են թիրախավորել ձեզ դրա համար, թիրախավորել ձեր երեխաներին»,- հայտարարեց ՔՊ-ականը։

Նա վստահեցրեց՝ այդ երեխաները կյանքում կկարողանան հասնել ամեն ինչի, նրանք ուժեղ են։

«Խնդրում եմ, որ արժանի զավակ լինեք ձեր մայրերին, որոնք ոչինչ չեն խնայել ձեզ մեծացնելու համար՝ լինելով միայնակ մայր»,- հավելեց Ալեքսանյանը։