Հետ տվեք ձայնագրությունն ու ձեզ նայեք էլի, ...արհամարհական ձեր ձևը. Լրագրողը՝ Սրբուհի Գալյանին


Հետ տվեք ձայնագրությունն ու ձեզ նայեք էլի, ...արհամարհական ձեր ձևը. Լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
Մայիս 7 15:20 2025

«Փաստացի մահվան դեպքերն ավելացել են քրեակատարողական հիմնարկներում, գուցե դա պայմանավորված է  նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պահին գտնվում անազատության մեջ, քան առաջ էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ իրենք այս ուղղությամբ աշխատում են։ Գալյանի խոսքով, իրենք իրականացնում են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի հստակ իմանան, թե որքան մարդ է իրականում հակված  ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարեն անհատական աշխատանք ռիսկերի կառավարան գործիքի համատեքստում։

Լրագրողը հարցրեց՝ ՔԿՀ-ներում հոգեբաններ չե՞ն աշխատում, նախարարն անարձագանք թողեց, այնուհետև ասաց. «Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող»։

«Ուրեմն ձեզ հարգալից պահեք լրագրողների հետ շփման մեջ։ Հարգալից պահեք, արհամարհական ձեր հայացքը...»,- արձագանքեց լրագրողը։

«Ես կանդրադառնամ ձեր հարցին, երբ ավարտեմ մյուս լրագրողի հարցի պատասխանը»,- ասաց նախարարը։

«Ուրմեն ասեք, որ ավարտեմ՝ նոր, լսում եք ու արհամարհական թեքվում»,- նշեց լրագրողը։

«Եթե դուք բարեհաճ լինեիք ու ինձ չընդհատեիք...»,- շարունակեց Գալյանը։

Լրագրողն արձագանքեց. «Դուք խոսում եք բարեհաճությունի՞ց։ Մի հատ հետ տվեք ձայնագրությունն ու ձեզ նայեք էլի, տեսեք՝ դուք բարեհաճ գտնվեցի՞ք իմ հանդեպ... Արհամարհական ձեր ձևը»։

Հարցին՝ ինչո՞ւ են հոգեկան առողջություն ունեցող մարդիկ գտնվում ՔԿՀ-ներում, արդարադատության նախարարն ասաց, որովհետև այն հիվանդությունները, որոնք գուցե ունեն այդ անձինք, չեն համապատասխանում կառավարության որոշման ցանկին։ Գալյանն ասաց, որ հիմա առողջապահության նախարարության հետ համատեղ նայում են կառավարության սահմանած հիվանդությունների ցանկը, որպեսզի ընդլայնեն, առողջական  իրական խնդիրներ ունեցող մարդիկ չհայտնվեն ճաղերի հետևում։