Իշխանության վարկանիշն իջնում է, և 2026-ին ընտրությունները Գյումրիի ընտրությունների պատկերն են ունենալու․ Քաղաքագետ


Իշխանության վարկանիշն իջնում է, և 2026-ին ընտրությունները Գյումրիի ընտրությունների պատկերն են ունենալու․ Քաղաքագետ
Մայիս 7 13:33 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ 2026թ.-ին խորհրդարանական ընտրությունները ոչ թե կարող են ունենալ, այլ ունենալու են Գյումրիի ընտրությունների պատկերը։ Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց՝ հնարավոր է 2-րդ կամ նույնիսկ 3-րդ տեղ զբաղեցնող ուժը՝ օրինակ՝  20 տոկոս ձայնով դառնա  ՀՀ վարչապետ։

«Կարող է նույնիսկ ընդդիմադիր երրորդ տեղ զբաղեցնողը կոալիցիա կազմի իշխանության հետ, սակայն դառնա վարչապետ, կարող է 3-րդ 4-րդ տեղերը միանան ընդդեմ իշխանության և վարչապետ ընտրեն։ Այսինքն՝ մենք մտնում ենք մի իրավիճակ, որը կարող է լինել շատ անսպասելի ելքերով»,-ասաց նա։

Ստեփան Դանիելյանի համար միանշանակ է, որ իշխանության վարկանիշը գնալով իջնում է, իսկ 2026թ.-ին, ըստ նրա, ավելի ցածր կլինի։

«Իշխանությունը սարսափելի մեծ հակավարկանիշ ունի, այսինքն՝  իշխանությանն ատողների տոկոսը շատ մեծ է, և իրենք  զուտ ադմինիստրատիվ ռեսուրսներով կարող են առաջին կամ երկրորդ տեղը  գրավել՝ այսօրվա իրավիճակում, բայց 2026-ին, գուցե, դա էլ չլինի»,-ասաց նա։

Անդրադառնալով նախօրեին հրապարակված Գելափի հարցումներին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդտեղ որոշակի շեղումներ կան։

«Այնտեղ որոշ դեպքերում նկատելի են, որ այդ թվերն իրականությանը որոշ առումով չեն համապատասխանում, մասնավորապես, ՀՀԿ-ի 3,7 տոկոսն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Կարող է լինել մոտ 1,5 տոկոսի սահմաններում։ Մյուս վարկանիշներում ևս կան թվեր, որոնք այդքան էլ չեն համապատասխանում, բայց մեծ հաշվով՝ պատկերը  չի փոխվում։ Երկրորդ տեղում Քոչարյանի 8 տոկսն էլ, կարծում եմ, ցածր էր, մի 2 տոկոս, որ մեծ լիներ, ավելի իրատեսական կլիներ, բայց այս թվերն իրենց շեղումներով չեն փոխում իմ կարծիքը, որ մենք կունենան Գյումրու տարբերակը՝ հնարավոր այլ ելեքերով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է մինչև համապետական ընտրությունները Նիկոլ Փաշինյանին հեռացնելու տարբերակներին՝ մասնավորապես որոշ ուժերի կողմից իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությանը՝ քաղաքագետը նկատեց, որ դրանք իրականում իմպիչմենտի հետ որևէ առնչություն չունեն։

«Եթե ֆորսմաժոր չլինի, այսինքն՝ ինչ-որ աննախադեպ իրավիճակ չլինի, բնականաբար, իմպիչմենտի մասին խոսելը լուրջ չէ։ Սակայն, հարցն ուրիշ է, ինչո՞ւ են դա անում, եթե հնարավոր չէ։ Գուցե սխալվում եմ,  բայց ես զգացողություն ունեմ, որ երկրորդ նախագահը շատ ծանր է տանում հանրության մի զգալի հատվածի խորքային մտածողությունը, որ 2018-ին ինքն է բերել Նիկոլ Փաշինյանին։

Ես չեմ ասում՝ դա այդպես է, կամ այդպես չէ, ասում եմ, որ հանրության մի ստվար զանգված նման համոզմունք ունի, և այս իմպիչմենտի նախաձեռնությունը նրա համար է, որ  ահա տեսեք՝ ես Նիկոլ Փաշինյանին դեմ եմ և ամեն ինչ անում եմ, որ նրան զրկեմ իշխանությունից, նրա հետ որևէ կապ չունեմ,  և ընդհակառակը՝ կան այլ ուժեր, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին և չեն ստորագրում, որ իմպիչմենտ տեղի ունենա։ Սա PR ակցիա է այդ մեղադրանքի դեմ»,-ասաց նա։

Խոսելով երկու ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի առճակատումից և դրա հետևանքներից՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում որքան խորքային պառակտումներ լինեն, այնքան ավելի կհեշտանա Նիկոլ Փաշինյանի հեռացումը 2026-ին։

«Այն կեղծ պատկերացումը, որ ընդդիմությունը պետք է միավորվի և ընտրությունների գնա միասնական մեկ ճամբարով ընդդեմ իշխանության՝ ընդդիմության ձայները նեղացնում է։ Դա կլինի սև, սպիտակ տարբերակ 2026-ին, ինչն վատագույն տարբերակն է։ Գյումրիի տարբերակը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ուժերը որքան տարբեր շարքերով գնան ընտրության, նույնիսկ միմյանց հետ ունենալով խորաքային հակասություններ, դա, գլոբալ առումով, մեծացնում է ընդդիմության տարբեր թևերի ձայները»,-ասաց նա և նշեց՝ վերջում արդեն պարզ կլինի՝ արդյո՞ք նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն էր։