Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։
2025 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի նպաստելու հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզմանը։
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։
Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։
Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում մրցաշարի համայնքային փուլի մրցումները մեկնարկել են 2025 թվականի մայիսի 6-ին։
Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում անցկացվել է Սևանի համայնքային փուլը։
Մրցումների անվտանգությունը ապահովվել են ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության աշխատակիցները։ Համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյան։
Թիմերը հիմնականում հաղթահարել են տարածությունը։
Մրցապայքարի արդյունքում 1-ին տարիքային խմբում առաջի տեղը գրավել է Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում՝ Սևանի N 4 հիմնական դպրոցի թիմն է, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Չկալովկայի միջնակարգ դպրոցի թիմը։
2-րդ տարքային խմբում ուժեղագույնը Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմն է, երկրորդ տեղում է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծաղկունքի բաց դպրոցի թիմն է։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում ըստ տարիքային խմբերի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը Սևան համայնքը կներկայացնեն մրցաշարի ՀՀ Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներում: