Եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու․ Սիմոնյան


Եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու․ Սիմոնյան
Մայիս 5 13:44 2025

7 տարի ընդդիմադիրները մարդ են ման գալիս ՔՊ-ից, որպեսզի կարողանան իմպիչմենտի հարց լուծել, սակայն այդպես էլ կշարունակեն մարդ ման գալ ու այդպես էլ չեն գտնի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Գարուն-ամառ քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Երբ ԱԺ-ն նոր էր ձևավորվել, ասում էին՝ 6 ամիս կտևի, հետո հայտարարում էին, որ վարչապետը հրաժարական է տալու։ Սակայն, իշխանությունն այնքան բաց է, որ այդ շահարկումները մեկ օրվա կյանք ունեն»,-հավելեց նա։

 

Սիմոնյանը շեշտեց՝ 2021 թվականին երկրում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ ոքի մոտ կասկած չեն առաջացրել․ «Ունենք օրինական ընտրված իշխանություն։ Նույնիսկ այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ։ Վստահ կարող եմ ասել՝ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու»։

 

Նա խորհուրդ տվեց համապետական և ՏԻՄ ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել և դա որպես չափանիշ չընդունել.«Հետաքրքիրն այն է, որ Գյումրիում ՔՊ-ն գրեթե կրկնակի ավելի ձայն է հավաքել, քան 2021 թվականին։ 2021 թվականին ՀՀ-ի ներսում տիրող իրավիճակը և այն տրամադրվածությունը, որն ունեին մեր ընդդիմադիր գործընկերները, խոսում էին այն մասին, որ ընտրություններում ՔՊ-ն պարվելու է, բայց ՀՀ քաղաքացիները գնացին և 54 տոկոս ձայն տվեցին ՔՊ-ին։ ՀՀ իշխանությունը, վարչապետը մեծ աջակցություն ունի ժողովրդի կողմից»։