Բռնագանձման ենթակա գույքը պետք է կապ ունենա հանցանքի հետ. Մելոյան (Տեսանյութ)


Բռնագանձման ենթակա գույքը պետք է կապ ունենա հանցանքի հետ. Մելոյան (Տեսանյութ)
Մայիս 1 12:24 2025

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը շուրջ 5 տարի քննվել է ՍԴ-ում՝ դառնալով սահմանադրական արդարադատության աննախադեպ երկար քննված գործ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

 «Այո՛, վերացական հսկողության շրջանակներում ՍԴ-ն օրենքը ճանաչել է սահմանադրական, բայց պետք է ընդգծել, որ հետագայում սա չի սահմանափակում անհատական գործերի շրջանակում անհատական դիմումների ներկայացումը ՍԴ ՝ մարդկանց առանձին իրավունքների հակասահմանադրականության արձանագրման համար»,-հավելեց նա:

Մելոյանի խոսքով՝ ի հեճուկս նրա, որ ՍԴ-ն այդ օրենքը հակասահմանադրական չճանաչեց, նշել է, որ բռնագանձման ենթակա գույքը պետք է կապ ունենա հանցանքի հետ, ինչպես նաև տվյալ պաշտոնյան այդ գույքը պետք է ձեռ բերած լինի համապատասխան պաշտոնը ստանալուց հետո:

«Սա մեր պրակտիկայում նեղացնում է իրավասու մարմնի՝ դատախազության մոտեցումները և սա արդեն հիմք է պրակտիկայի փոփոխման՝ մի շարք գործերի կասեցման, կարճման, վերանայման համար: Ի դեպ՝ թվերի մասով էլ նշեմ, որ գույքերի ուսումնասիրության ժամկետը բավականին երկար է, իրենք հետ են բերել մինչև 1991 թվականի սեպտեմբերը»: