Փաստաբան. Փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները


Փաստաբան. Փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները
Մայիս 1 15:51 2025

«Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով։ Իրավական ֆարսը շարունակվում է»,-այսպես է մեկնաբանում Արթուր Չախոյանին առաջադրված մեղադրանքը նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նա ընդգծում է.

«Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը վերաբերում է խուլիգանությանը, իսկ 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերը սահմանում են.

«Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից,
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։

Նշենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում  վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանն ու իր թիմակիցները հարձակվել ու ծեծի են ենթարկել հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Վերջինը նախ տեղափոխվել է ոստիկանություն, ապա ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց։ Դեպքից հետո ձերբակալված է վեց անձ, այդ թվում Չախոյանը, իսկ թաղապետը շարունակում է մնալ ազատության մեջ ու պաշտոնավարել։

Չախոյանը թաղապետարան էր գնացել ընթացող հանրային քննարկմանը մասնակցելու, իսկ մինչ այդ թաղապետից դրա նախորդ օրը հեռախոսազրույցի ընթացքում հնչեցրած հայհոյանքների, հայտարարությունների վերաբերյալ բացատրություն պահանջելու նպատակով։