Ով է այդ «լավ տղան», կամ խուժանապետության հովանավորները


Ով է այդ «լավ տղան», կամ խուժանապետության հովանավորները
Ապրիլ 30 19:59 2025

Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը Հայաստանում ծաղկում է  իր արժեքային ամբողջ հմայքով։ Մեծ ու փոքր չինովնիկ դարձած, բայց այդպես էլ  չմեծացած, մի փոքր փոր գցած, փողկապ  կապած,  զանազան չատերում ու տիկտոկում ակտիվ,  ոստիկաններին «սլիվ» տվող, եւ միեւնույն ժամանակ  «լավ տղա»  համարվող հեղափոխականները կաբինետներում արդեն ոչ միայն հայհոյում, այլեւ ակտիվ  ծեծում են։ Իսկ այստեղ կարեւորը գիտեք ո՞րն է, որ բարձր  ու անկաշկանդ  հայհոյում են հայհոյանքը եւ գողական ենթաշակույթը քրեական պատասխանատվության դաշտ բերող իշխանության մնացուկները։ Եւ այս ամենը տեղի է ունենում բաց, թափանցիկ, ազնիվ, ժողովրդավարական արժեքներին, ու  ոգուն համահունչ, ասել է թե եւրոպական ստանդարտներին համապատասխան կանանց, լրագրողների մասնակցությամբ,  տեսախցիկների դեմ դիմաց, ուղիղ եթերներում։

Արժեքների հեղափոխությունը երեւի հենց սա էր, այն հասավ իր հանգրվանային կետին  հեղափոխությունից ուղիղ յոթ տարի անց։  Այն,  որ քաղաքական մշակույթը մեղմ ասած «հատակային»  մարկադակի է, եւ հայհոյախոսությունը դարձել է դաշտի  շփման լեզուն, դա այդպես է։ Այսուհետ պետք է փաստենք նաեւ, որ ծեծը եւս պահանջված վարքականոն է քաղաքականությունում, կամ հեղափոխիչների «կոնյոկն է», այն էլ խմբակային, ասել է թե՝ քաղաքական ծեծը։

Իրականում այն ինչ տեղի ունեցավ անցած երկու օրերի ընթացքում,  ցցուն օրինակն է այն բանի, որ Հայաստանում սկսվել է   անբարո դուրսպրծուկների դարաշրջան, եւ դրա համար կա անպատժելիություն ու պաշտոնական հովանավորչություն։

Նորակառույց, բայց արդեն քանդվող մանկապարտեզի մասին սովորական բլոգային տեսանյութի տարածումը ակտիվիստ Արթուր Չախոյանի կողմից դարձավ լակմուսի այն թուղթը, որը պայթեցրեց կոռուպցիայի դեմ պայքարը ռազմավարություն հռչակած իշխանության փուչիկը։ Պարզվեց, որ այսքանից հետո  ոչ թե գնում են տեսանյութի ու վատնած փողերի հետեւից, այլ բլոգերի։ Ոչ թե քաղաքական պատասխանատվության են կանչում Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանին, այլ ինքն է կանչում զանգով հայհոյում է,  գռեհիկաբանում, հետո սպառնում ու խմբով ծեծում,  վերջում հայտարարում՝ «լավ եմ արել»։ Իսկ դեպքի վայր հասած ոստիկանները բաժին են տանում ծեծվողին։

Դեպքերը հնարավո՞ր է այլ կերպ զարգանային։ Հնարավոր էր, եթե գոնե երեկվա խայտառակ «յոգուրտային»  ակցիայից հետո գործեին օրենքն ու պատասխանատուները։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը շատ «ազնվորեն» բնորոշել էր՝ ինչպես են մտածում իրենց տանը եւ նեղ շրջապատում քաղաքացիների մասին՝ «համբալներ»։  Հիմա արժե՞ր որ համբալների  ու նրանց զավակներին համար կառուցվող մի մանկապարեզի համար Ավինյանը քննադատեր յուրայիններին։ Նա լսելով թաղապետի հայհոյանքների մասին՝ երեկ  անուղղակի արդարացրեց՝ ասելով «Բոլորի նյարդերն էլ կարող են տեղի տալ»։ Ի դեպ հորն էլ Ավինյանը նույն կերպ էր արդարացրել՝ «նյարդերը տեղի էին տվել»։ Ու քանի որ «ժողբաստիոնում» ազատ խոսքը, ազատ հայհոյանքը չի սահմանափակվում, ուրեմն  պետք է իրենց ներվերը հա՛ տեղի տան ու հա՛ հնչեն հայհոյանքներ։ Եւ հետո տրամաբանական է, եթե չեն պատժվում Ավինյանները, ինչո՞ւ են պատժելու թաղապետերին։

Սա անարդար կարող էր դիտվել նաեւ Հայաստանին դեպի Եվրոպա տանող ու եւրոպական մշակույթը  պրոպագանդող «Հանրապետություն» կուսակցության անդամների համար էլ։  Ի վերջո Նոր Նորքի թաղապետը այդ եվրոպամետների կուսակցությունն է ներկայացնում։ Ղեկավար Արամ Սարգսյանն էլ եվրոպական համբերատարությամբ լռում էր, մինչդեռ  թիմակից Անի Խաչատրյանը դեռ երեկ   էր  հստակ  դիրքորոշում  հայտնել՝ ուղղակի անոնսելով  այսօրվա ծեծը։

Չախոյանին այսօր ծեծեցին՝ հայտարարելով «Դու լավ տղա չես», մնում է  հասկանալ՝ ով է այդ «լավ տղան»։ Նույնիսկ դալաններում  տասով մեկի դեմ դուրս գալու դեպքում  «լավ տղերքը» այդ տասին կոնկրետ ասելիք կունենան։ Բայց այստեղ էական է նաեւ հասկանալը՝ հիմա քրեական, գողական բարքերը քրեականացվո՞ւմ են թե քսղաքականացվում, հոյհոյանքը   քրեականացվում է, թե քաղաքականացվում, կոռուպցիայի դեմ հիմա պայքարու՞մ են․․․ թե այս ամենը կոնկրետ հասցեատեր ունի պայքարում են՝  ընտրողաբար։

Ավազակապետությունը երեւի հենց սա է, կամ թուլապետություն․․․երբ մարդկանց ղեկավարում է կոնկրետ  փողոցը, ամբոխը, ցածրակարգ ու վատաբարո մարդկանց խմբերը։

Կա՛մ այս մարդիկ պետք է հեռանան ու «Կրթությունը նորաձեւ» է արշավը մտնի Ազգային ժողով, քաղաքապետարան ու թաղապետարաններ, կա՛մ պետք է կրթողները բարձրաձայն խոստովանեն, որ Խորենացու ողբը իրենց ժամանակների համար էր։

Armday.am