Սա ավելի քան 100-ամյա ախտանշան է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում. Թորոսյանը՝ Մինասյանի ելույթի մասին


Սա ավելի քան 100-ամյա ախտանշան է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում. Թորոսյանը՝ Մինասյանի ելույթի մասին
Ապրիլ 16 15:59 2025

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ԱԺ ամբինից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին. 

«Քիչ առաջ ԱԺ ամբիոնից հերթական թատերական ելույթով հանդես եկավ կարկառուն դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Նա, ինչպես միշտ, փորձեց քաղաքական դիվիդենտներ շահել անգամ ամենազգայուն թեմայի՝ համավարակի և մարդկանց մահերի հաշվին։ Մեղադրանքի սլաքներն ուղղեց ոչ թե իրական մեղավորին՝ աշխարհը ցնցած մահաբեր վիրուսին, այլ՝ իշխանություններին։ Այսինքն՝ ըստ պարոն Մինասյանի, մեր քաղաքացիներին սպանել է ոչ թե COVID-19-ը, այլ՝ մենք։

Հետաքրքիր է՝ նույն տրամաբանությամբ արդյոք Արծվիկ Մինասյանը պատրաստ է ընդունել, որ աշխարհում միլիոնավոր մարդկանց մահվան համար մեղավոր են բոլոր երկրների ղեկավարները՝ Ռուսաստանում՝ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփը, Իրանում՝ Հասան Ռոհանին, Ֆրանսիայում՝ Էմանուել Մակրոնը և այդպես շարունակ։ Թե՞ մենք այդ առումով էլ ենք բացառիկ՝ յուրահատուկ չափանիշներով մեղադրվող:

Սա քննադատություն չէ։ Սա վաղուց վերածվել է քաղաքական ախտաբանության՝ տրամաբանության և բարոյականության հետ ոչ մի կապ չունեցող ախտանիշի։ Սա ավելի քան 100-ամյա ախտանշան է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում՝ միշտ նույն կեղծ բարոյականությամբ, միշտ նույն ցինիզմով։

Հ.Գ. Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր հազարավոր բժիշկներին, բուժքույրերին ու մյուս բուժաշխատողներին՝ համավարակի ամենածանր օրերին իրենց անձնուրաց պայքարի, հույսի և տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու համար։ Մարդիկ, որոնց հանդեպ պարտական ենք ոչ թե մեղադրանքներով, այլ՝ խոնարհումով։