Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին հաղթանակը հեշտ չի տրվել։
«Իմ անցկացրած 4 գոտեմարտերից կիսաեզրափակիչն ու եզրափակիչը կառանձնացնեի ինձ համար, քանի որ դրանք ինձ բարդ տրվեցին: Զգացողություններս անբացատրելի են, շատ ուրախ եմ, որ կարողացա հռչակվել Եվրոպայի քառակի չեմպիոն: Ինձ համար մրցաշարերը գնալով ավելի են բարդանում, քանի որ հաղթանակի հասնելն ավելի է դժվարանում: Ի տարբերություն առաջին հաղթանակի, որը հեշտ ստացվեց, այժմ ամեն ինչ ավելի բարդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ամոյանը։
Եվրոպայի քառակի չեմպիոնի համար կարևոր է հարգանքը դիմացինի նկատմամբ։
«Մրցագորգում մրցում ենք, իսկ դրանից դուրս ընկերական հարաբերություններ ունենք: Իմ մոտիվացիան հավատքն է առ Աստված, հավատքն է իմ նկատմամբ, կատարածս աշխատանքի նկատմամբ: Այժմ ամեն մրցաշարի մասնակցում եմ միայն ոսկե մեդալի համար»,- հավելել է Մալխաս Ամոյանը։
Հիշեցնենք՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոյձեի նկատմամբ։