Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու Հայաստան։ Այս մասին հայտարարել է «ԴՕԿ կուսակցությունը։
«Մենք արդեն հայտարարել էինք մեր հաղթանակի մասին։ Շնորհավորել էինք բոլորին։ Բայց դեռ լռում էինք՝ չհայտարարելով պատճառը։ Շատերն անհամբեր էին, շատերն ուզում էին իմանալ՝ ինչի՞ մասին է խոսքը։ Մենք սպասում էինք մեկ մարդու խոսքին։ Եվ ահա այսօր հենց Վարդան Ղուկասյանը ինքն հաստատեց՝ նա չի արտահանձնվելու Հայաստան։
Սա մեր պայքարի մեծ հաղթանակներից մեկն է։ Սա արդարության հաղթանակն է՝ սկզբունքայնության, լռության և հավատքի միջոցով կերտված։ Մենք երբեք չենք շտապել։ Մենք չենք խոսել մինչ այդ պահը, երբ ամեն ինչ պետք է լսվեր հենց նրանից՝ ով եղել է այս պայքարի կենտրոնում։ Նրա լռությունը մեզ համար խոսք էր, իսկ այսօր այդ լռությունը վերածվեց հստակության։
Ցանկացած ճշմարիտ շարժում ունի իր ներքին ռիթմը։ Եվ մենք երբեք չենք շեղվել այդ ռիթմից։ Մեզ համար միշտ կարևորը եղել է ոչ թե առաջինը խոսել, այլ ճիշտ պահին ասել ճիշտ բանը։
Այսօր կարող ենք ամբողջ սրտով կրկնել՝ այո՛, սա հաղթանակ է։ Բայց սա նաև հիշեցում է՝ պայքարը շարունակվում է։ Դատական գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և մենք սպասում ենք լիարժեք ազատության։
Մենք շնորհավորել ենք հաղթանակը։
Այսօր հայտարարում ենք՝ ինչի համար։
Վաղը՝ միասին կասենք վերջնական խոսքը»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում բազմադրվագ շորթման գործով։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, «Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տիգրան Արզաքանցյանից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։ ՔԿ-ն դեռ 2023թ․ հայտնել է նաև ԱՄՆ-ում գտնվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին։
Քրեական գործով շորթման այլ դրվագներ ևս կան։ Բացի այդ՝ Ղուկասյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում նաև արդեն նախկին դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքներով։