«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլևս անհրաժեշտություն չի լինի ունենալ միջազգային մի ձևաչափ, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ,» — այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Մինսկի խումբը լուծարելու հայտարարությունները։
«Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունը, իրոք, որևէ հավելյալ արժեք չի ունենա, և հակառակը՝ կարգավորված հակամարտության պայմաններում կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ։
Մենք կողմ ենք և բաց ենք այդ լուծարման գործընթացին։ Պարզապես կարծում ենք, որ այդ երկու փաստաթղթերը՝ խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը Մինսկի խմբի լուծարման նախաձեռնության վերաբերյալ, կարող են ստորագրվել նույն օրը»,-ասաց Միրզոյանը։