25-ամյա երիտասարդը մոտեցել է Ֆինանսների նախարարության մուտքի դռանը, հրել այն․ նա ձերբակալվել է


25-ամյա երիտասարդը մոտեցել է Ֆինանսների նախարարության մուտքի դռանը, հրել այն․ նա ձերբակալվել է
Ապրիլ 4 11:24 2025

Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 21։10-ի սահմաններում Մելիք Ադամյան 1 հասցեում գործող Ֆինանսների նախարարության մուտքի դռանն է մոտեցել մի քաղաքացի, հրել դուռը և պահանջել բացել դուռը՝ այդպիսով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խոչընդոտելով ոստիկանության ծառայողների բնականոն ծառայությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինիս ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունում պարզվել է, որ նա հանդիսանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ե․-ն։

Դեպքի փաստով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Ե․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: