«Սարիկ Մինասյանը երեկ հայտարարել է, որ այլևս Գյումրի քաղաք այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցող մարդիկ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց,որ իր հարցազրույցում Սարիկ Մինասյանն իրեն է անդրադարձել և ասել. «Ինչ գործ ունի դաշնակցական Գառնիկը Գյումրիում»։
Պատգամավորը հիշեցրեց, որ Գյումրում իր գտնվելու օրը նաև ՔՊ պատգամավորներն էին ընտրարշավ անում և իրեն տեսել էին այնտեղ։
«Արցախցիների նկատմամբ ատելությունը քարոզելուց, հանրությանը պառակտելուց հետո, հիմա էլ գնում են գյումրեցի-ոչ գյումրեցի բաժանմանը։ Այդ դեպքում Արարատի մարզի Թոռնիկը, որ հայտնի դարձավ Չալաբյանի գործով, ինչ գործ ունի Գյումրիում, կամ՝ ՔՊ կուսակցության անդամները»,-ասաց Դանիելյանը։
Նա տեղեկացրեց,որ Թոռնիկը Չալաբյանի գործից հետո բուհում հայցորդ է գրանցվել և գիտական աստիճան է ստանալու։
«Սարիկը խոսում էր Կիրանցում իմ մասնակցության մասին՝ մոռանալով, որ հայրենահանձնման գործընթացի դեմ իմ և մյուս անձանց մասնակցությունը, միայն պատիվ է բերում և ոչ մեկը թող չհամաձայնի որոշում կայացնել, թե ով Գյումրի մտնի կամ չմտնի»,-ասաց Դանիելյանը։