Եթե կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար. ԱԳ փոխնախարար


Եթե կայուն խաղաղության նշաններ լինեն, կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար. ԱԳ փոխնախարար
Մարտ 24 13:52 2025

Եթե հետագայում ունենանք այդ առաջընթացը՝ ստորագրենք, ռատիֆիկացնենք, և, իսկապես, կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ՝ ԵՄ դիտորդների համար. այս  մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե ԵՄ դիտորդներն, ըստ պայմանավորվածության, հետ քաշվեն։

«Պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով, մանդատում կա նաև վստահության միջոցառումների ստեղծում»,-ասաց նա։

Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել։

Իսկ թե վստա՞հ են, որ Բաքուն չի պահանջի՝ ԵՄ առաքելությունն առհասարակ դուրս գա Հայաստանից, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ոչ մի բանում լիարժեք վստահություն չենք կարող ունենալ, բայց եթե խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք ԵՄ դիտորդները հանդիսանո՞ւմ են ուժ՝ սա դիտորդական առաքելություն է: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ: Բայց, իհարկե, վստահ լինելու մասին շատ բարդ է ասել»: