Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկու քայլ հետ, այսինքն՝ նոր գործելաոճ չէ սա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող նախապայմաններին և սահմանի մասին ապատեղեկատվություններին։
ԱԳ նախարարի տեղակալը խոսեց նաև արձագանքների մասին, այն, որ արդեն 58 երկիր, 10 միջազգային կազմակերպություններ ողջունել են գործընթացը, շատերը նշել են Հայաստանի կարևոր դերն այս հարցում: «Նաև հայտարարեցինք, որ պատրաստ ենք քննարկել ստորագրման հետ կապված բոլոր գործընթացները: Այդ հայտարարությանը դեռևս չկա արձագանք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, ի պատասխան՝ փոխնախարարը կրկնեց, որ նոր գործելաոճ չէ. «Թե՛ անցած տարի, թե՛ նախանցած տարի բազմաթիվ էին նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է հրադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում: Հիմա, իհարկե, ունենք շատ կարևոր գործիք, դիտորդներն են, որոնք արձագանքեցին թե՛ այս դեպքում, թե՛ նախկինում միջազգային հանրությունը գիտակցում է, որ կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դրական գործընթացի»: