Այդ ոլորտը երևի միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությունամբ, դա վիզաների հեշտացման պայմանագրի ոչ լիակատար իրականացումն է, բողոքները բազմաթիվ են և չեն նվազում: Այս մասին Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ Ձեր գնահատականով ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ վիզաների ազատականացման առումով՝ ժամկետների մասով:
Փոխնախարարը նշեց, որ փորձեր արվում են, բանակցում են տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարող է բարելավվել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում, այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ։
«Ես կուզենայի հիմա ստույգ ասել, որ կավարտենք երկու կամ երեք տարվա ընթացքում, բայց իսկապես դա ոչ հնարավոր է, ոչ էլ տեղին: Եվրամիության գործընկերները միշտ խուսափում են դեդլայներ, կոնկրետ թվեր նշելուց, բայց այստեղ կարող ենք դիտարկել այլ երկրների փորձը, որ նման գործընթացները տևում են 3-6 տարի: Մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում, կարծում եմ՝ լավ պատրաստ են, մենք արդեն փորձում ենք մի շարք քայլեր անել մինչ բանակցությունների մեկնարկը, և այս անգամ եվրոպական գործընկերները նշել էին, որ պատրաստության առումով հաճելիորեն զարմացած են»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ցավում է՝ չի կարող նշել կոնկրետ տարի, բայց վստահեցրեց, որ գործընթացն առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։ Եվ «Իսկապես այս հարցը շարունակում ենք պահել մեր օրակարգում: Ես անձամբ հանդիպում չկա, որ չանդրադառնամ այս խնդրին, որ անգամ մինչև ավարտը բանակցությունների որոշակի բարելավում լինի իրավիճակի»,- շեշտեց Հովհաննիսյանը։