Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, մասնակցում ենք՝ հաղթելու տրամադրվածությամբ։ Այս մասին այսօր Երևան քաղաքի ոստիկանության քննչական բաժնում հարցաքննությունից հետո հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Մենք մասնակցելու ենք քարոզարշավին այնքանով, որքանով թույլ կտան, այսօր, օրինակ, իմ քարոզարշավն ամբողջապես տապալվեց։ Վաղվանից մեր քարոզարշավը շարունակվելու է, կփորձենք վերականգնել ռիթմը։ Այս ամենն այնքան զավեշտալի է, քանի որ իրենք կարծում են, որ մարդկանց ինչ-որ կերպ վախեցնելու են, կաշկանդելու են»,-ասաց նա։
Լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերում այլ ուժերի հետ համագործակցություններին, Մխիթարյանը նշեց, որ մինչ ընտրությունների օրը ոչ մի ուժի և թեկնածուի հետ ոչ մի պայմանավորվածություն չեն ունենալու։
«Ընտրությունների գիշերը՝ արդյունքների նախնական ամփոփումից հետ, մենք կորոշենք մեր քայլերի հետագա ընթացքը։ Մինչ այդ, հոլովակում ես հայտարարել եմ, որ դրական արդյունք էլ կհամարեմ այն, որ իշխող ուժը չհաղթի ընտրություններում, և ասել եմ, որ կհամագործակցեմ միայն այն ուժերի հետ, ովքեր հստակ հայտարարում են, որ ոչ մի դեպքում չեն միանալու ՔՊ-ին»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Մխիթարյանին հարցաքննության են կանչել մեկ տարի առաջ մայիսին կատարված վարչական ակտի հետ կապված գործով։
Մանրամասները՝ տեսանյութում․