Ոստիկանության նկատմամաբ վստահության աճը մենք չենք փաստում, այլ դա անում է հանրությունը՝ սոցիալական հարցումների տեսքով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարն ավելացրեց, որ այն, ինչ ինքը հայատարարում է, դա զուտ գնահատական չէ, այլ հիմնված է փաստարկված եզրակացությունների վրա։
«Եթե դուք ասում եք, որ հանրությունը չի վստահում ոստիկանությանը, ապա ցույց տվեք ինձ մի ապացույց՝ կլինի սոցիալական հարցման տեսքով, որևէ միջազգային ապարատի հարցման տեսքով, ես նոր կդիտարկեմ այդ պնդումը։
Ինչ վերաբերում է կոնկրետ գողություններին՝ բնակարանային և տրանսպորտային, ինձ համար դրանք մտահոգիչ են։ Մենք արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում, ընդ որում մենք վերջերս բացահայտել ենք բնակարանային գողությունների գործերով անցնող խմբի, որը ոչ միայն, օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ նաև այլ մարզերում, Երևանում։ Բայց կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքները, քանի որ նկատում ենք, որ շտ հաճախ գողություն կատարող անձինք օգտագործում են ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, հագուստը, որպեսզի կարողանան տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեմքը։ Սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, կարիք կա հետևողական աշխատանքի»։
Սարգսյանը հավելեց՝ այս մի քանի ամսվա ընթացքում բնակարանային գողությունների բացահայտման առումով աճ ունենք։