«Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և պարտավորեցնող». ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն (Տեսանյութ)


«Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և պարտավորեցնող». ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն (Տեսանյութ)
Մարտ 19 12:27 2025

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:

Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:

«Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:

«Զորակոչվելով Հայոց բանակ` մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև: Ծառայության անցնելով Սահմանապահ զորքերում՝ մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն: Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամրության և պահպանության խորհրդանիշ, շուրջօրյա հսկել և անառիկ պահել մեր պետության սահմանները»,- իր խոսքում ասաց նորակոչիկ Ա. Աղազարյանը:

Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ և նորակոչիկներին շնորհավորեց նաև  ծնող Գայանե Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ իրենց զավակները սրբորեն կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:

«Հիշեք նաև, որ Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում ասաց Է. Հունանյանը:

Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:

Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով»,- ասում է ԱԱԾ հաղորդագրությունում։