«Մոտ հինգ ամիս առաջ քաղաքապետարանի բյուջեի հաշվին դուք, պարոն Ավինյան, գնացիք Լոս Անջելես, ըստ պայմանագրի ձեր թռիչքի տոմսը եղել է «Բիզնես կլասի» և արժեցել է մոտ 20,000 դոլար»,- Երևանի ավագանու նիստում Տիգրան Ավինյանին դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:
Նա հիշեցրեց, որ աղմուկ բարձրացավ, նման տոմսերն արժեն 4-5 հազար դոլար, ինչու է քաղաքապետարանը վճարել 20,000 դոլար:
Արձանագրելով որ այդ աղմուկը զսպելու համար՝ Ավինյանն իր գրպանից վերադարձրել է 20 հազար դոլարը՝ Զարոկյանը եզրակացրեց. «Այստեղ երկու տարբերակ կարող է եղած է լինել, խնդրեմ պարզեք որն է եղել: Առաջին տարբերակը, որ իրականում բիզնես կլասի գինը 5000 դոլար է, մի հոգի 15000 դոլար ատկատ է ստացել, և արդյոք դուք այդ 15000 դոլար ատկատը վերցրել եք, 5000 դոլար ավելացրել եք ու վերադարձրել եք 20000 դոլարը քաղաքապետարանի բյուջե, թե՞ երկրորդ տարբերակն է եղել, որ դուք իրականում «Բիզնես կլասի»-ով չեք թռել, «ֆրստ կլաս»-ով եք թռել, որը հնարավոր է 20,000 դոլար արժենա, որովհետև այնտեղ խավիար են տալիս, մահճակալ կա, մենիքյուր, փեդիքյուր են անում, դուք ավելի լավ կիմանաք: Այդ տոմսով եք թռել և աղմուկը զսպելու համար 20,000 դոլար ձեր գրպանից տվել, բայց ձեր աշխատավարձը տարեկան 30-32,000 դոլար է, հիմա ո՞նց եք ձեր տարեկան աշխատավարձի կեսից ավելին վերցրել ու մուծել: Խնդրում եմ պարզեք»,-ասաց նա:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ինձ առհասարակ երբևէ մենիքյուր, փեդիքյուր չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ էլ առհասարակ»:
Նա զարոկյանին առաջարկեց 2017 թվականից սկսած վերցնել իր հայտարարագրերը և բովանդակության մեջ իր վերջին հարցի պատասխանը կստանա:
Ըստ Ավինյանի՝ տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով և վերջին թռիչքից մի երկու օր առաջ է տոմսը գնվել՝ տարբեր ձգձգումների պատճառներով:
«Այո, ես վերադարձրել եմ տոմսի գինը, ոչ նրա համար, որ դա բիզնես կլաս է, այլ նրա համար, որ իմ տպավորությամբ, մեր աշխատակիցները, եթե մի փոքր ավելի լավ աշխատեին այդ ուղղությամբ, այդ տոմսի գինը այդքան չէր լինի, էականորեն ավելի նվազ գին կունենար: Հիմա կարծում եմ մտահոգվելու որևէ հարց չունեք, քանի որ ամբողջությամբ այդ գումարը վերադարձրել եմ»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Հայտարարելով որ Ավինյանի պատասխանն իր կասկածները չեն փարատում՝ զարոկայնը հայտարարեց, որ ինքը մեկ-երկու օր առաջ փորձել է Qatar Airlines-ով բիզնես կլասի տոնս գնել և թռիչքից մեկ օր առաջ էլ գինը 5000 դոլար չի գերազանցել և անհնար է, որ 20000 դոլար լիներ:
«Այն փաստը, որ ոչ ոք չի պատժվել, այս կասկածանքները չեն վերացրել ու մնում են ձեր վարկանիշի վրա»,-հայտարարեց Ավագանու անդամը:
Ավինյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանի երկու աշխատակիցներ դրա համար նկատողություն են ստացել։
«Երկրորդն էլ, անկեղծ ասած, եթե կասկածներ ունեք, կարող եք հավելյալ հարցում անել, բոլոր փաստաթղթերը ստանալ և տեսնել, որ դա հենց այն է, ինչ կա»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը: