ՀՀ իշխանությունը արցախցիների վերադարձի հարցը քննարկելու որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերում․ Գեղամ Ստեփանյան (168․am)


ՀՀ իշխանությունը արցախցիների վերադարձի հարցը քննարկելու որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերում․ Գեղամ Ստեփանյան (168․am)
Մարտ 18 19:16 2025

Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»։

Ի՞նչ պետք է հետևի բանաձևի ընդունմանը, այստեղ ի՞նչ անելիքներ ունի ՀՀ իշխանությունը, գնդակը ՀՀ կառավարության դաշտո՞ւմ է։

168.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասնել է, որ այս պրոցեսում գնդակը ՀՀ իշխանության դաշտում չէ և չի էլ եղել, այն Շվեյցարիայի խորհրդարանի դաշտում է։

«Բանաձևի ընդունումը պարտավորություն է սահմանում հենց Շվեյցարիայի կառավարության համար։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, եթե այդ գործընթացում Հայաստանի կառավարությունը, իշխանությունները ներգրավվածություն ունենային։ Բայց, ցավոք, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից չկա որևէ ներգրավվածություն և աջակցություն այս գործընթացին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ տրամաբանությունը հուշում է, որ բանաձևին պետք է հաջորդեն հստակ քայլեր Շվեյցարիայի կառավարության, Արտաքին գործերի նախարարության կողմից՝ նման համաժողով գումարելու, կազմակերպելու հարցում։

«Այնպես չէ, որ սրանով գործընթացն ավարտվեց, դեռ երկար աշխատելու տեղ ունենք։

Իհարկե, հայ-ադրբեջանական երկխոսության համար ՀՀ իշխանությունը կարող է օգտագործել Շվեյցարիայի տրամադրած հարթակը։ Սակայն մենք տեսնում ենք, որ այդ ցանկությունը ՀՀ իշխանությունների մոտ չկա, որովհետև այդ հարթակում հիմնական հարցը պետք է լինի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, բայց ՀՀ իշխանությունը որևէ շահագրգռվածություն չի ցուցաբերում այդ հարցը քննարկելու համար»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։