Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ «միջանցքի» մասին. Արարատ Միրզոյան


Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ «միջանցքի» մասին. Արարատ Միրզոյան
Մարտ 14 11:29 2025

Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունների ավարտը համարում եմ չափազանց կարևոր հանգրվան, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Տեքստը համաձայնեցված է, Հայաստանն առաջարկում է հնարավորինս արագ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի ու մյուս մանրամասների շուրջ»,- նշեց նա։

 

Միրզոյանը վստահեցրեց, թե համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ «միջանցքի» մասին։

 

«Ընդհանրապես, ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան չկա, կա պատրաստակամություն՝ համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տրանսպորտային, տնտեսական հարցերում»,- նշեց ԱԳ նախարարը։

 

Միրզոյանը նշեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիները ապրել են։

«Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա, այդ թվում՝ Սահմանադրության մասին, որի մասին խոսել է ադրբեջանական կողմը»,- նշեց ԱԳ նախարարը։