«Հրապարակ» գրում է ․ Այսօրվանից խորհրդարանը կքննարկի կառավարության 5-ամյա ծրագրի 2024 թ․ կատարման արդյունքների մասին զեկույցը։ Ընթացակարգի համաձայն՝ նախ կքննարկվի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստին, որտեղ քննարկվելուց հետո կընդունվի ի գիտություն։ Առաջինը խորհրդարանին հաշվետու կլինի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր:
Ըստ կարգի, նա պետք է այցելի ԱԺ եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնի իր ղեկավարած ոլորտում անցած տարի կատարված աշխատանքները։ «Զեկույցը ներառում է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային եւ թվային ցուցանիշներ։ Նշեմ, որ զեկույցում ներառված են նաեւ 2024-ին Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, ինչպես նաեւ՝ միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ տվյալները, որոնք եւս ի ցույց են դնում կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները»,- կառավարությունում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մինչդեռ 150 էջանոց զեկույցում սոսկ արձանագրումներ են, թվային վիճակագրություն:
Դիցուք, Արարատ Միրզոյանն այսօր հպարտանալու է անցած տարի Երեւանում կազմակերպված «նախադեպը չունեցող» մի քանի միջոցառումներով: Խոսքը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման ու գործարար համաժողովի, սեպտեմբերի 9-11-ը «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասին է: Հատկապես ողբերգական է հնչում վերջին միջոցառումը` 2023-ին Արցախի էթնիկ զտումների եւ 15 թվի ցեղասպանության քաղաքականությունից հրաժարվելու ֆոնին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 03․ 25 թ համարում։