Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը:
Օպերատիվ է գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխեը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
