ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։
Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում: