Դուբայ-Մոսկվա չվերթն աղետի ազդանշան է արձակել Կասպից ծովի վրա և վայրէջք կատարել Աստրախանում


Դուբայ-Մոսկվա չվերթն աղետի ազդանշան է արձակել Կասպից ծովի վրա և վայրէջք կատարել Աստրախանում
Հունվար 29 23:50 2025

«Победа» ավիաընկերության ուղևորատար Boeing 737-ը, որը Դուբայից Մոսկվա էր թռչում, աղետի ազդանշան է ուղարկել Կասպից ծովի վրա։ Ավելի ուշ նա վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում։ Ավիաընկերությունը «Коммерсантъ»-ին հայտնել է, որ ազդանշանը կեղծ է եղել:

«Դուբայ-Մոսկվա երթուղու DP992 չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Աստրախանի այլընտրանքային օդանավակայանում՝ համակարգերից մեկի սենսորից կեղծ ահազանգի պատճառով»,- հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռը Դուբայից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 15:39-ին, իսկ Մոսկվայի ժամանակով 19:46-ին պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ։

Ավիացիոն ծառայությունները ТАСС-ին հայտնել են, որ վթարային վայրէջքը տեղի է ունեցել միացված հրդեհային ահազանգի պատճառով։ Հարավային տրանսպորտի դատախազությունը վթարային վայրէջքից հետո հսկողության տակ է առել ուղևորների իրավունքների պահպանումը։