Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ստուգումներ իրականացրել են այն դպրոցներում, որտեղ նախորդ տարվա ընթացքում շրջայցեր էր իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք խախտումներ հայտնաբերել։
«Հենց այն դպրոցում (որտեղ կոտրած ցնցուղ էր տեղադրված) վերահսկողություն իրականացվել է։ 5 մարզադպրոցների մարզադահլիճներում, որտեղ նմանատիպ խախտումներ էին հայտնաբերվել վարչապետի շրջայցերի ընթացքում, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել։ Ինչ վերաբերում է ցնցուղին և ուռճացված գնագոյացմանը, մենք որոշակի վերլուծություն ենք իրականացրել, նաև զեկուցել ենք վարչապետին։ Առաջարկներ են ներկայացվել հանձնարարականներ տալու լիազոր մարմիններին, գնումների գործընթացներում անհրաժեշտ շտկումներ և որոշ ընթացակարգերի լավարկման առաջարկներ ենք արել»,-ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, թե ԿԳՄՍՆ-ն և քաղշինկոմիտեն գնային մեծ սողանցք էին թողել և պատշաճ չէի ձևակերպել տեխնիկական բնութագրերի պահանջները։
«Արդյունքում ունեինք նվազագույն որակ և առավելագույն վաճառքի գին ներկայացված փաստաթղթավորում։ Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը։