Ինչու չհայտարարվեց ռազմական դրություն Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական գրոհի օրերին․ քաղաքագետ


Ինչու չհայտարարվեց ռազմական դրություն Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական գրոհի օրերին․ քաղաքագետ
Նոյեմբեր 28 20:27 2024

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

 «Հայաստան-ՀԱՊԿ թեմայով Պուտինի արած հայտարարությունները վերստին «բորբոքեցին» թեման, եւ շատերն են իհարկե հիշեցնում Պուտինին, որ Հայաստանի դիտողությունը ՀԱՊԿ-ին կապված չէ արցախյան պատերազմի հետ, այլ Ջերմուկի՝ որը ՀՀ տարածք է:

Սա իհարկե միանգամայն տեղին հիշեցում է, թե Պուտինին, թե ՀԱՊԿ-ին:

Սակայն, որեւէ պատկեր պետք է կառուցել ամբողջական, կամ ձգտել կառուցել ամբողջական, գայթակղիչ տեղեկկատվա-քարոզչական ծուղակներում չհայտնվելու համար:

Իսկ ամբողջականությունը պահանջում է հարցեր: Դրանցից էականներից մեկը ուղղված է Հայաստանի կառավարությանը: Հայաստանի հանրապետության օրենքը սահմանում է, որ, եթե Հայաստանի տարածքի հանդեպ կա հարձակում, ագրեսիա, կամ՝ նույնիսկ ագրեսիայի սպառնալիք, ապա պետք է հայտարարվի ռազմական դրություն:

Այսինքն, եթե Հայաստանի կառավարությունն ունի անգամ խիստ հավաստի հետախուզական տեղեկություն, որ պատրաստվում է որեւէ ագրեսիա, ապա անգամ այդ պարագայում պետք է հայտարարվի ռազմական դրություն, որպեսզի երկիրը առավելագույնս բերվի ագրեսիայի հակազդման պատրաստության:

Ըստ այդմ հարց է առաջանում, ինչու՞ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական գրոհի թե առաջին, թե երկրորդ օրը Հայաստանը չի հայտարարել ռազմական դրություն: Եթե հնչել է քաղաքական հայտարարություն, որ հարձակում է Հայաստանի տարածքի վրա, ագրեսիա է ՀՀ նկատմամբ, եւ նույնիսկ պաշտոնյաների մակարդակով ասվում է, որ՝ եթե չկանգնեցվեր, ապա Բաքվի մտադրությունը այսպես ասած «միջանցք» ճեղքելն էր, ապա առավել եւս՝ ինչու չի հայտարարվել ռազմական դրություն:

Չէ՞ որ չէին կարող իմանալ՝ երկու օր անց կանգնեցվելու է դա, թե՞ ոչ: