ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Մենուա Սողոմոնյան


ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին. Մենուա Սողոմոնյան
Նոյեմբեր 20 10:37 2024

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Cop 29-ին մասնակցելու համար Բաքու այցելության ճանապարհին այսօր (նոյեմբերի 19) երեկոյան կանգ է առել Երևանում։ ԱԳՆ-ում կազմակերպվել է այնպիսի հանդիպում, կարծես արարողակարգային այց լիներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «ՀայաՔվե»  շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Հանդիպմանը մասնակցում էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով երեկ Գերմանիայում էր, բայց եկել էր Երևան՝ երևի Գերմանիայի ԱԳ նախարարի այցի իմիտացիային մասնակցելու։

Ամենազավեշտալիի մասին։ ՀՀ ԱԳՆ-ը իր կայքում դնում է հանդիպումից կարճ տեսանյութ, որտեղ Բերբոքը հատուկ ընդգծում է, որ սա այց չէ, այլ կանգառ է բարեկամ «դեմոկրատական» երկրում։ Իսկ տեսանյութի ներքո բերված տեքստում կանգառը համառորեն ներկայացվում է որպես այց։ ՀՀ ԱԳՆ-ը այս փոքրիկ, բայց չստացված խորամանկությանը գնացել է՝ հավանաբար կարծելով, թե կա՛մ կայքին հետևող չկա, կա՛մ անգլերեն հասկացող չկա։

Իսկ իրականում տխուր է, քանի որ շատ լավ էլ կարող էր նաև այց լինել, եթե իհարկե համապատասխան մարդիկ հայկական օրակարգ սպասարկեին և աշխատեին, այլ ոչ որպես տուրիստ գնային Գերմանիա։ Այս դատողությունը, կարծում եմ, հիմնազուրկ չի թվա, եթե նեղություն քաշեք և մի փոքր ուսումնասիրեք Գերմանիայում ՀՀ դեսպանության կայքը»,- գրել է նա։

Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունների մեջ չկա Բերբոքի Հայաստան այցի մասին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: